Ծրագիր. Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն

2019թ.-ի մայիսից սկսած՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը /DCAF/ իրականացնում է ծրագիր` ուղղված Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործունեությանը:

Հայաստանում ծրագրի իրականացման գործընկեր կազմակերպություն հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

Կազմակերպությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացնելու է անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության մոնիթորինգ:

Ծրագրի նպատակներից են.

  • Ապահովել ՀՀ Ազգային ժողովին տրամադրած շարունակական աջակցությունը՝ ամրապնդելու խորհրդարանի դերը անվտանգության ոլորտի զարգացման և օրենսդրության մշակման գործում:
  • Բարձրացնել ՔԿՀ-երի կարողությունները՝ խթանելու անվտանգության ոլորտի վերաբերյալ խորհրդարանական վերահսկողությունը, և ապահովել այդ ուղղությամբ խորհրդարանի գործունեության մոնթորինգը:
  • Զարգացնել ազգային փորձի փոխանակման և պառլամենտական հանձնաժողովների միջև երկխոսությունը:
  • Ամրապնդել անվտանագության կառավարման ոլորտին առնչվող տարածաշրջանային պառլամենտական համագործակցությունը:

Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ Ազգային ժողովում անվտանգության ոլորտի համար պատասխանատու մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության խնդիրներ, թե ինչպես կարող են քաղաքացիական հասարակության կազմակերպություններն աջակցել խորհրդարանի նկատմամբ անվտանգության ոլորտի վերահսկողությանը:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը խթանում է անվտանգության ոլորտի լավ կառավարումը և բարեփոխումը: Կենտրոնը իրականացնում է լավագույն փորձերի վրա հիմնված ուսումնասիրություններ, խթանում է համապատասխան նորմերի զարգացումը տեղական և միջազգային մակարդակներում, տրամադրում է այդ ոլորտի քաղաքականությունների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև իրականացնում է խորհրդատվական և աջակցության ծրագրեր:

2003 թվականից սկսած՝ ԶՈՒԺՎ  Հայաստանում է աջակցում է ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին անվտանգության ոլորտի զարգացման ու բարեփոխումների գործընթացում՝ կարողությունների զարգացման ծրագրերի և խորհրդատվական աջակցության միջոցով: