Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ կասեցված քրեական գործը

2019 թ. ապրիլի 30-ին ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրությամբ տեղեկացրել է, որ դատախազության կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով վերսկսել է թիվ 62217915 քրեական գործը:

Թիվ  62217915 քրեական գործի շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբանները 7 տուժողների անունից 2019թ. մարտի 14-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝  Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ:

2019 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված որևէ որոշում չի ստացվել, որտեղ պետք է ներկայացվեին հիմնավորումներ քրեական գործը կասեցնելու որոշումը վերացնելու համար: Համապատասխան հիմնավորումներ չեն ներկայացվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված գրության մեջ:

Կազմակերպությունը 2019թ. մայիսի 2-ին դիմել է ՀՀ դատախազություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով տրամադրել մարտի 14-ին ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված բողոքի վերաբերյալ կայացված որոշումը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին իրականացվող նստացույցի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է հատուկ միջոց ջրանետ, բացի այդ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են կիրառել, հավաքի մասնակիցների նկատմամբ նրանց բերման ենթարկելու, վատ վերաբերմունքի ենթարկելու, հավաքը և ոստիկանության գործողությունները լուսաբանող լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողների տեսաձայնագրող սարքավորումները վնասելու կամ ոչնչացնելու միջոցով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից շուրջ 4 տարի նախաքննություն է իրականացվել՝ ոստիկանության գործողությունների օրինակնաությունը գնահատելու և ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության կանչելու համար: 2019թ. մարտի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել  թիվ 62217915 քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը: Քննիչը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունների կատարման արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, ուստի սույն քրեական գործով վարույթը ներկա պահին ենթակա է կասեցման…»: