Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Կասեցվել է 2018թ. ապրիլի 16-ից 23-ը ոստիկանության գործողությունների տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2019թ. ապրիլի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները  բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ:

Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցվել էր դեռևս 2018թ. նոյեմբերի 16-ին, մինչդեռ տուժողները ու նրանց ներկայացուցիչները դրանց մասին տեղեկացված չեն եղել: Միայն ի պատասխան տուժողների ներկայացուցիչների հարցման՝ 2019թ. ապրիլի 9-ին վարույթն իրականացնող մարմինը տրամադրել է կասեցման որոշումը, ըստ որի քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

2019թ. ապրիլի 29-ին կազմակերպությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության որոշումը, որով կազմակերպության կողմից ներկայացված բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Գլխավոր դատախազությունը իր որոշումը պատճառաբանել է, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ որոնց ընթացքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցների համակցության որևէ անձի հանրորեն վտանգավոր արարքի կատարում մեղսագրելու վերաբերյալ, այսինքն՝ հնարավոր չի եղել հայտնաբերել այն անձին, ով գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված բողոքում պնդել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները:

Մասնավորապես, քննիչը իր որոշման մեջ քրեական գործի շրջանակներում ընթացք է տվել 104 քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի, բռնությունների վերաբերյալ հայտարարությունների և դիմումների: Ըստ, որոշման 55 քաղաքացիներ քրեական գործի շրջանակներում ճանաչվել են տուժողներ, որոնք ապօրինի ազատազրկվել և բռնության են ենթարկվել տարբեր հանգամանքներում:

Այդ պարագայում, հնարավոր չէր նույն պայմաններում, տարբեր հանգամանքներում բռնության և վատ վերաբերմունքի ենթարկված անձանց վերաբերյալ հարուցված քրեական  գործը կասեցնել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նույն հիմքով և հիմնավորումներով:

Մինչդեռ, տուժողների մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն, բացի հարցաքննությունը չի իրականացվել, չեն հայտնաբերվել նրանց կողմից նշված կամ նկարագրված անձինք, չեն իրականացվել տուժողների և նրանց միջև առերես հարցաքննություններ, որի պարագայում հնարավոր կլիներ ձեռք բերել բավարար ապացույցներ մեղավորների նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար:

Հատկանաշական է, որ քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տիրապետել է նաև լրատվական միջոցների կողմից հրապարակված տասնյակ ապացույցների, որոնք լուսաբանել են 2016թ. ապրիլի 16-ից 23-ը Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, բռնություն կիրառելու դրվագները, որոնց պատշաճ զննության արդյունքում հնարավոր կլիներ նույնականացնել տուժողներին բերման ենթարկած, բռնության կիրառած ոստիկանության ծառայողներին:

Կազմակերպության կողմից ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումը կբողոքարկվի դատարան:

Որոշում-ՀՀ գլխավոր դատախազություն

Որոշում- Հատուկ քննչական ծառայություն

INTERESTING POSTS