Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է կազմակերպության կողմից քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով կազմված բողոքը

2019 թվականի ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանի կողմից կազմված վերաքննիչ բողոքը:

Քաղաքացու շահերի պաշտպանության նպատակով 2018 թվականի օգոստոսի 23-ին դիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, որով խնդրել է հաստատել անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

Դատարանը վճռել է դիմումը մերժել այն հիմնավորմամբ, որ «ներկայացվել է անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին պահանջ, մինչդեռ նշված փաստի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել»:

Վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներով կայացված լինելու հիմնավորմամբ՝ նշելով, որ  գործի քննության շրջանակներում չի պարզել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները, և հնարավորություն չի ընձեռել՝ ներկայացնելու իր պահանջի հիմքում ընկած փաստերի հաստատման համար անհրաժեշտ և պատշաճ կարգով ձևակերպված ապացույցները:

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել՝ բողոքը բավարարել, վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմնավորումներում նշել է, որ.

Չնայած Դատարանը սահմանափակված չէ գործին մասնակցող անձի մատնանշած իրավական նորմերով, այնուամենայնիվ դրանց փոփոխումը, ելնելով դիմումի հիման վրա հարուցված գործի առանձնահատկություններից, ենթադրում է նախնական դատական նիստի ընթացքում սահմանված գործողությունների կատարման անհրաժեշտություն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի քննությունն իրականացվել է դիմողի կողմից չվկայակոչված իրավական հիմքի շուրջ, որպիսի հիմքով ապացուցման առարկայի մասին պատկերացում կազմելու, անհրաժեշտ ու բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ ներգրավելու մասով դիմողին կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն ընձեռելու նպատակով Դատարանը չի կատարել ապացուցման առարկան պարզելու, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը քննարկելու, ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը քննարկելու և լուծելու օրենքով նախատեսված անհրաժեշտ գործողություններն այն դեպքում, երբ կողմի համար անբարենպաստ սպառնալիքը, տվյալ դեպքում՝ դիմումի մերժումը, կարող է ապացուցման պարտականությունը չկատարելու հետևանք լինել:

Դատարանը ապացուցման ենթակա փաստերի շրջանակը չի սահմանել, ապացուցման առարկան կազմող փաստերի ապացուցման պարտականություն դիմողի վրա չի դրել, համապատասխան ապացույցները չի պահանջել այն դեպքում, երբ գործի քննությանը որպես դիմողի ներկայացուցիչ հանդես եկած անձին պատշաճ լիազորագրի բացակայության հիմքով չի դիտել որպես ներկայացուցիչ, միաժամանակ նրա ներկայացրած լիազորագիրը վկայակոչել է դիմումը մերժելու հիմքում՝ արդյունքում դիմողի մատնանշած իրավական հիմքի շրջանակներում պատշաճ քննություն չիրականացնելով: