Յուրի Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանից 2 մլն դրամ է պահանջում եւ հրապարակային հերքում

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, կայացել է «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով նախնական նիստը:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը ներկայացրել է հայցը: Նա դատարանին ներկայացրել էր 2018-ի հուլիսի 30–ին «Ա1+» հեռուստաընկերությունում հրապարակված քաղաքագետի հարցազրույցի տեսագրության դիտողականության վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաեւ հերքման տեքստի նախընտրելի տարբերակը։

Յուրի Խաչատուրովը գտնում է, որ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արած արտահայտությունները, որոնք օր-օրի լայն տարածում են ստանում, էլ ավելի են արատավորում գեներալի պատիվն ու արժանապատվությունը։

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանն առարկել է: Հաջորդ նիստին նա իր առարկությունները գրավոր կներկայացնի:

Aravot.am-ի հարցին`ճիշտ է, արդյոք, քաղաքական գործչից, իր հայտարարությունների համար փոխհատուցում պահանջելը, մանավանդ առավելագույն չափի, Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց, որ նյութական փոխհատուցում պահանջելը ճիշտ է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միայն հերքումը չի ապահովագրում հետագայում համանման այլ հայտարարություններից. «Միայն ասել, որ ես այսպիսի բան եմ ասել, բայց հերքում եմ, ճիշտ չեն ասել, դա կանխարգելիչ դեր չունի: Պրակտիկան ցույց է տալիս, երբ դու չեն կպնում մարդու գրպանին, ինքը միշտ կարող է իրեն տարբեր արտահայտություններ թույլ տալ, մյուս կողմը գնա դատարան, ապացուցի, որ սխալ էր, ինքը ասի`հերքում եմ եւ վերջ»:

Ըստ մեր զրուցակցի, նյութական վնասը մարդկանց կստիպի հետագայում նման «զրպարտություններից» խուսափել, մանավանդ Ստեփան Գրիգորյանը Յուրի Խաչատուրովին, ըստ փաստաբանի, «շատ ծանր հանցանքի մեջ է մեղադրում, նաեւ`հասարակական շատ ծանր թեմայի հետ է կապված`ապրիլյան պատերազմի»: Գումարի առավելագույն չափը ընտրվել է հենց այս հանգամանքները հաշվի առնելով: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 18-ին, ժամը 16.00-ին:

Աղբյուրը՝ www.aravot.am