Ավագյանն ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի արդար դատաքննության իրավունքի խախտումը

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով:

ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված Խ. Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը հետևյալ փաստական հանգամանքների համատեքստում ու հիմնավորումներով:

Դիմումատուն՝ Խ. Ավագյանը, սույն գործով նշել է, որ ՀՀ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական եզրակացությունները վիճարկելու հնարավորությունից, ինչը իր մեղավորության հաստատման համար ունեցել է վճռորոշ նշանակություն: Նման հնարավորությունից զրկելն ու ցմահ ազատազրկման դատապարտման որոշում կայացնելը հանգեցրել է իր՝ Կոնվենցիայի 6.1 և 6.3 հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման:

Դատարանը, ուսումնասիրելով նշված փաստերն ու բարձրացված հարցերը, գտել է, որ փորձագետներին լսելու՝ դիմումատուի պահանջը անհիմն չի եղել: Ավելին, դատարանը գտել է, որ փորձագետների կարծիքները գործի համար ունեցել են էական նշանակություն, քանզի դրանց հիման վրա ներպետական դատարանները պետք է որոշեին, արդյոք տուժողների մահը վրա է հասել դիտավորյալ սպանությունից, թե ոչ: Դատարանն ընդունել է, որ դիմումատուի՝ փորձագետներին դատարանում լսելու միջնորդությունը հատկապես կարևոր էր ցմահ ազատազրկման պարագայում: Դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանների կողմից փորձագետներին հարցաքննելու և լսելու հնարավորությունից զրկելը հանգեցրել է գործով կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների խախտմանը՝ Կոնվենցիայի 6.1 և 6.3 հոդվածների ներքո: