ԻՊԱՍ-ը 32 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ 2016թ.-ի հուլիսի 17-30 տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է  2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների, լրագրողների իրավական պաշտպանությունը:

2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած ինքնաբուխ հավաքներն ու երթերն ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով՝ ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից բռնություններ են կիրառվել քաղաքացիների նկատմամբ:  2016 թվականի հուլիսի 20-ին և 29-ին ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել են նաև հատուկ միջոցներ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները այդ օրերին այցելել են ոստիկանական բաժանմունքներ, հիվադանոցներ, հատուկ քննչական ծառայություն աջակցություն տրամադրելով խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած իրավախախտումներից տուժած քաղաքացիներին:

Կազմակերպությունը 2016թ.-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, ոստիկանության բաժիններ անօրինական բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամանակից ավել պահելու և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ, գրություններ, հայտարարություններ և այլ փաստաթղթեր է ուղարկել ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության նախարարություն և այլ կառույցներ:

Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բերման ենթարկված քաղաքացիների հետ՝ իրականացնելով մարդու իրավունքների խախտումների փաստագրում:

Հավաքագրված փաստերը վկայել են, որ պետության կողմից չեն իրականացվել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ստանձած պարտավորությունները:

Բացահայտվել են համակարգային խնդիրներ ոստիկանության կողմից թույլ տրված խախտումների և անգործության վերաբերյալ:

2017թ.-ի հունվարից սկսած կազմակերպությունը պատրաստել  և Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել ընդհանուր թվով 32 գանգատ:

Մասնավորապես, գանգատներում ներկայացվել են բռնության և վատ վերաբերմունքի դեպքերը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ խոշտանգումների արգելքի ներքո, ոստիկանության կողմից անօրինական բերման ենթարկվելու և ազատությունից զրկելու դեպքերը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ներքո, հավաքները ցրելու և անձանց՝ տեղեկատվություն ստանալու անօրինական սահմանափակումները՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության և 11-րդ հոդվածով նախատեսված՝ հավաքների և միավորման ազատության հոդվածների ներքո, ինչպես նաև այս բոլոր 4 դեպքերի կապակցությամբ արձանագրված արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հարցը ՀՀ դատաիրավական համակարգում՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված՝ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի լույսի ներքո, Կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված՝ Իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները լույսի ներքո:

4 դիմումատուի գործով ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ Դիմումատուների ազատության սահամանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան:

Ներկայացված 32 գանգատներից 28-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները: 4 գործի գրանցում Դատարանի կողմից մերժվել է:

2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցվել է:

Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

Կազմակերպությունը 2018թ.-ի հոկտեմբերի 9-ին  Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացվել է որոշում կազմակերպության կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին:

2018թ. նոյեմբերի  17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների դեմ: