Հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի այցը Հայաստան

2018թ. նոյեմբերի 7-16-ը Հայաստանի Հանրապետությունում է հավաքների և միավորումների    ազատության իրավունքի գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Վուլեն:

2018թ. նոյեմբերի 9-ին պարոն Վուլեն հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարոն Վուլեին ներկայացրել են հավաքների և միավորումների ազատության իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանի Հանրապետությունում, բարձրացրել մի շարք մտահոգիչ հարցեր:

Մասնավորապես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը խոսել է վերջին տարիներին ՀՀ-ում մասսայական հանրահավաքների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին: Այսպես, նշվել է հավաքների ազատության իրավունքի իրացման արդյունքում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ քրեական օրենքի չարաշահման և քրեական հետապնդումներ իրականացնելու պրակտիկայի մասին ինչպես 2016թ. հուլիսյան իրադարձությունների, այնպես էլ 2018թ. ապրիլյան իրադարձությունների ընթացքում: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ և 225.1-րդ հոդվածների (զանգվածային անկարգություններ կազմակերպելը կամ դրանց մասնակցելու և oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը համապատասխանաբար) հիման վրա հարուցված քրեական գործերի շրջանակներում  խաղաղ հավաքի մասնակիցները ենթարկվել են բերման, ձերբակալումների, կալանավորման՝ որպես խաղաղ հավաքների մասնակցելու իրենց իրավունքը իրացնելու հետևանք: Միայն իշխանափոխությունից հետո են, օրինակ, 2016թ. քրեական օրենսգրքի նույն հոդվածների հիման վրա հարուցված քրեական գործերը կարճվել, ու անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:

Արաքս Մելքոնյանը նշել է նաև ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման պրակտիկայի մասին, այդ թվում՝ ինչպես անձանց բերման ենթարկելիս, այնպես էլ ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ գործադրելու պրակտիկայի մասին ու նման դեպքերում իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության վերաբերյալ: Հատուկ շեշտադրում է կատարվել 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ քրեական գործի քննության ու 2018թ. սեպտեմբերի 18-ին դրա կասեցման խնդրին՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի բացակայության պատճառաբանությամբ:

Ներկայացվել է նաև բերման ենթարկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի, ազատությունից զրկված անձանց ընթացակարգային երաշխիքների բացակայության՝ իր իրավունքների մասին տեղեկանալու, իրավաբանական օգնության, զանգ կատարելու և այլ իրավունքների խախտումների մասին: Շեշտադրվել են նաև 2018թ. ապրիլյան հավաքների ընթացքում անչափահասների խաղաղ հավաքի ազատության իրավունքի իրացման խնդիրները, ինչպես բերման ենթարկելիս, այնպես էլ ոստիկանության բաժիններում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերն ու այլ խնդիրներ:

Հիշեցնենք, որ Հատուկ Զեկուցողը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընտրված անկախ փորձագետ է, ով լիազորված է հետազոտել և զեկուցել իրավունքի պաշտպանության, այդ թվում՝ կոնկրետ պետությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում հավաքների և միավորման ազատության իրավունքին առնչվող հատուկ զեկուցողի զեկույցը կհրապարակվի հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին:

Այցի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ներկայացված մամլո հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝

www.un.am/en/news/