ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը Հայկուհի Հարությունյանը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու գործի վերաբերյալ

2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Արա Բաբայանի) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից Թիվ ՎԴ/1043/05/16 գործի վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին որոշում է կայացրել:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել  ՀՀ ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում 21.01.2016թ. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի դիմաց խախտվել է հայցվոր Հայկուհի Հարությունյանի ազատ տեղաշարժի իրավունքը:

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մնացած՝ բողոքարկված և չբեկանված մասով՝ 2017 թ.-ին ապրիլի 4-ին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշումը թողնել անփոփոխ:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունվարի 21-ին կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը Բաղրամյան պողոտայի դիմացի հատվածից երթուղային տաքսուց նկատել է ՀՀ Նախագահի նստավայրի մուտքի հատվածում հավաքված մոտ 12 ոստիկանների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների չորս ծնողների: Հ. Հարությունյանը մոտեցել է ծնողներին, որոշ ժամանակ անց մոտ 10-12 ոստիկաններ շղթա են կազմել Հ. Հարությունյանի  ուղղությամբ նրան հեռացնելով իր կանգնած վայրից և արգելել փողոցի՝ հանրային համարվող տարածքում, որտեղով քայլում էին այլ քաղաքացիները, տեղաշարժվել:

Հ. Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք դրսևորվել են այդ թվում՝ հացվորի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման ձևով:

2017թ. ապրիլի 4-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել Հ. Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ  ոստիկանության՝ ոստիկանության ծառայողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2017թ.-ի մայիսի 4-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու թիվ Վարչական դատարանի կողմից կայացված Թիվ ՎԴ/1043/05/16 որոշումը նյութական և դատավարական նորմերի խախտման հիմքով:

Իր որոշմամբ վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում բացակայում է և պատասխանող ՀՀ ոստիկանության կողմից նույնպես չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ հայցվոր Հայկուհի Հարությունյանը, 2016թ. հունվարի 21-ին կանգնելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեում տեղակայված ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, մտադիր է եղել այլ անձանց հետ, այդ թվում՝ տվյալ վայրում գտնվող խախաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորել կամ արտահայտել, այսինքն՝ կազմակերպվել է բողոքի ակցիա կամ մասնակցել է բողոքի ակցիայի:

Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ վարչական գործում բացակայում է նաև որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Հայկուհի Հարությունյանի վերը նշված գործողությունը ոստիկանության ծառայողների կողմից գնահատվել է որպես հակաօրինական, նրան ներկայացվել է որևէ օրինական պահանջ և այն վերջինիս կողմից չի կատարվել: