Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Լևոն Բարսեղյան

2018թ.-ի հունիս 11-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Մ. Հարությունյանի) որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանի պաշտպաններ Հայկուհի Հարությունյանի և Արաքս Մելքոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու և 2018թ-ի ապրիլի 23-ին ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի) կողմից կայացված Լևոն Բարսեղյանին կալանավորելու որոշումը բեկանելու մասին:

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և 225.1 հոդվածներով 2018թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց անմիջականորեն մասնակցելու, հավաքի մասնակիցներին ուղղորդելու համար:

2018թ. ապրիլի 23-ին Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության կողմից նեկայացված միջնորդությունը՝ Լևոն Բարսեղյանի նկատմամբ կիրառելով կալանավորում 2 ամիս ժամկետով: Ավելին, դատարանը մերժել էր Լևոն Բարսեղյանի և նրա պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Այնուամենայնիվ, 2018թ. ապրիլի 23-ին ուշ երեկոյան Լևոն Բարսեղյանի խափանման միջոցը փոխվելէր, և նա ազատ է արձակվել:

2018թ.-ի ապրիլի 26-ին Լ. Բարսեղյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել վերաքննիչ  բողոք՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման դեմ:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ «Առաջին ատյանի դատարանը մեղադրյալին վերագրվող արարքում նրա առնչակցությունը հիմնավորող փաստական տվյալների մասով հանգել է սխալ հետևության և Առաջին ատյանի դատարանի հետևությունները չեն բխում դատարանի կողմից հետազոտված փաստական տվյալներից»:

Կալանավորման հիմնավորումների առնչությամբ՝ վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Լևոն Բարսեղյանի կողմից ազատության մեջ մնալու դեպքում համապատասխան վարքագծի դրսևորման վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները բացառապես հիմնված են մեղադրյալին վերագրվող արարքի բնույթի, վտանգավորության աստիճանի, ենթադրյալ դրսևորման ձևի վրա: Տվյալ պարագայում դատարանի կողմից հետազոտված փաստական տվյալներում բացակայում են կոնկրետ փաստական տվյալներ, որ կվկայեն այն մասին, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում քննությանը կատարել քրեական օրենքով արգելված արարք: […] Ավելին, մեղադրյալի անձին վերաբերվող և համապատասխան միջնորդության քննության շրջանակներում դրսևորած վարքագծին վերաբերվող փաստական տվյալները վկայում են հակառակի մասին»:

Դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանը ճիշտ չէր կիրառել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից համանման փաստական հանգամանքներով գործերի արդյունքում արտահայտված իրավական դիրքորոշումները, որի ընթացքում թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտում, որոնք հիմք են հանդիսացել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված պայմանների առկայությամբ մեղադրյալ Լևոն Բարսեղյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու արդյունքում խախտվել է վերջինիս անձնական ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

https://prwb.am/new/hy/2018/04/25/%D5%AC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC/

https://prwb.am/new/hy/2018/04/22/%D5%AC%D6%87%D5%B8%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B6/

post

Levon Barseghyan

INTERESTING POSTS