Ա. Ավետիսյան

2018թ.-ի հուլիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, որոշում է կայացրել՝ բավարարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Դատարանը նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմողի իրավունքների խախտումը, որպես հաղորդում ներկայացրած անձ՝ տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը:

Տեղեկացնենք, որ 2018թ. հունվարի 19-ին կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ դատապարտյալ Ա. Ա.-ի մահվան փաստի կապակցությամբ, որին ի պատասխան՝ դատախազությունից ստացվել է գրություն՝ համաձայն որի՝ սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

2018թ.-ի փետրվարի 23-ին կազամակերպությունը դիմել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ խնդրելով տեղեկացնել հարուցված գործի շրջանակներում իրականացվող նախաքննության ընթացքի մասին և ծանոթացնել գործի արդյունքներին:

2018թ. մարտի 5-ին պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեական գործը հարուցվել է ոչ թե կազմակերպության հաղորդման հիման վրա, այլ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա: Հետևաբար կազմակերպությունը չի հանդիսանում հաղորդում տված իրավաբանական անձ, ուստի հնարավոր չէ վերջինիս որոշում տրամադրել:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն այս առնչությամբ 2018թ. ապրիլի 5-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի անգործությունը և հաղորդման հիման վրա պարտավորեցնել ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված որոշում կայացնել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշմամբ գտել էր, որ  կազմակերպությունը չի հանդիսանում հանցագործության մասին հաղորդում տված անձ  և եկել էր այն եզրահանգման, որ ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնի քննիչի կողմից որևէ քրեադատավարական անգործություն չի դրսևորվել, ինչի հիմքով որոշում էր կայացրել մերժել դիմումը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անձի խնդիրը չէ, որ վարույթն իրականացնող մարմինն արդեն ձեռնամուխ է եղել նյութերի նախապատրաստմանը ոչ թե իր, այլ մեկ այլ անձի ներկայացրած հաղորդման հիման վրա՝ հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմինը ցանկացած դեպքում պարտականություն է կրում քննարկելու և լուծելու հանցագործության մասին ստացված հաղորդումները, այդ թվում նաև իր վարույթում գտնվող միևնույն հանցագործության փաստի առթիվ ներկայացվածները, իսկ հաղորդման՝ ըստ էության քննարկման և նյութեր նախապատրաստելու համար օրենսդիրը չի սահմանում որևէ տարբերակված մոտեցում ավելի վաղ ներկայացրած հաղորդման համար: