Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը

2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, այն է՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա քարեր նետելու մեջ: 2016թ. հուլիսի 30-ին Վահագն Ղումաշյանը ձերբակալվել էր և 2016թ. օգոստոսի 3-ին կալանավորվել՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների հիման վրա՝ համաձայն որոնց՝ իրենք ճանաչել են ոստիկանության աշխատակիցների վրա քարեր նետող Վահագն Ղումաշյանին: Հատկանշական է, որ Վահագն Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որևէ կերպ չի փոփոխել որոշման էությունն և բովանդակությունը:

Վահագն Ղումաշյանն անազատության մեջ գտնվել է մինչև 2016թ. սեպտեմբերի 14-ը՝ 47 օր:  

Վահագն Ղումաշյանի իրավունքների պաշտպանությունը ստանձնել էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը և իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արաքս Մելքոնյանը:

Տեղեկացնենք, որ կազմակերպությունը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ, որը գրանցվել է 2017թ. հուլիսի 12-ին:

Ըստ պաշտպանների՝ Վահագն Ղումաշյանի դեմ ներկայացված մեղադրանքն եղել է անհիմն և գործում որևէ ապացույց առկա չի եղել, որով հնարավոր կլիներ հիմնավորել Վահանգի կողմից դեպքի վայրում գտնվելը և որևէ հանցագործության կատարման փաստը: Վահագն Ղումաշյանը նախաքննության ընթացքում պնդել է, որ 2016թ. հուլիսի 29-ին չի եղել Սարի Թաղում, ինչը հիմնավորվել է նաև գործով ներգրավված վկաների ցուցմունքներով, որոնք հիմնավորել են նրա այլուրեքությունը:

Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմնից պահանջվեց շուրջ երկու տարի նման տվյալ հանգամանքը հավաստելու համար: