ԻՊԱՍ-ը ՀՀ գլխավոր  դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 հաղորդում  

2018թ. ապրիլի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից խաղաղ ցույցի մասնակիցների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, ոստիկանության բաժիններ անօրինական բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամանակից ավել պահելու և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 հաղորդում:

Ներկայացված հանցագործությունների մասին հաղորդումների հիման վրա հարուցվել է 5 քրեական գործ, մերժվել է 2 քրեական գործերի հարուցում, 2 գործ միացվել է այլ քրեական գործի համատեղ ընթացքը լուծելու համար, 2 գործով նախապատրաստվել են նյութեր:

  • Հատուկ միջոցների կիրառում, լրագրողին մարմնական վնասվածքների պատճառում

2018թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի ընթացքում՝ մոտ ժամը 15:20-ի սահմաններում, խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է բռնություն, գործի են դրվել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ հատուկ միջոցների կիրառման արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են 46 քաղաքացիներ, այդ թվում՝ 6 ոստիկաններ: Տուժել է նաև Factor.am-ի կայքէջի  օպերատորը, վնասվել է տեխնիկան:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է, որ նյութերը հասցեագրել է զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Վերջինս որոշում է կայացրել Factor.am-ի կայքի օպերատորին մարմնական վնասվածք պատճառելու և տեխնիկան վնասելու առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

 

  • Անձանց բռնի ուժով բերման ենթարկելու և ոստիկանության բաժիններում սահմանված ժամանակից ավել պահելու վերաբերյալ

2018 թվականի ապրիլի 17-ին առավոտյան ժամը 8:15-ի սահմաններում ոստիկանության կողմից բռնի ուժով բերման են ենթարկվել Երևան քաղաքում իրականացվող խաղաղ հավաքի տասնյակ մասնակիցներ: Բերման ենթարկվածներից Դավիթ  Պետրոսյանը, Անի Սարուխանյանը, Յուրի Ավագյանը, Վահան Կոստանյանը և Ալեքսան Կոստանյանը Երևան քաղաքի Նոր Նորքի ոստիկանության բաժին են բերվել առավոտյան ժամը 8:15-ին:  Օրենքով սահմանված 3 ժամը լրանալուց հետո սակայն բերման ենթարկվածները ազատ չեն արձակվել և անազատության մեջ են եղել մինչև երեկոյան 17:45: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանության բաժնում ապօրինաբար ազատությունից զրկված մնացել են ավելի քան 9 ժամ:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

Հատուկ քննչական ծառայությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ ասվում է՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասությանը ենթակա քրեական գործերով սուբյեկտների/կողմից հանցավոր արարք կատարելու մասին փաստական տվյալներ ստացվելու դեպքում խնդրում եմ քննարկել նյութերը Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը պատասխանել է, որ նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի վարչություն՝ նույն հանգամանքների կապակցությամբ ոստիկանության ԵՔ վարչության շտաբում կատարվող ծառայողական քննությունների շրջանակներում համատեղ ընթացքը լուծելու համար:

 

  • «Իմ քայլը» շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանին թիրախավորելու և բռնի ուժով, առողջությանը վնաս հասցնելով բերման ենթարկելու վերաբերյալ

2018 թվականի ապրիլի 18-ի առավոտյան «Իմ քայլը» խաղաղ շարժման մասնակիցները հավաք են իրականացրել ՀՀ կառավարական շենքերի դիմաց, որտեղ նրանց նկատմամբ ոստիկանական մեծ ուժեր  քաշքշելով, հարվածելով ու ուժ կիրառելով վերջիններիս հեռացրել տարածքից: «Իմ քայլը» շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը թիրախավորվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Մասնավորապես, շուրջ 10 ոստիկաններ հարձակվել են Դավիթ Պետրոսյանի վրա և բռնի ուժով՝ վերջինիս առողջությանը վնաս հասցնելով, բերման են ենթարկել:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է, որ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը պաշտոնատար անձի կողմից խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 62212818 քրեական գործը:

 

  • Հարձակում անհայտ անձանց կողմից «Իմ քայլը» շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանի և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանի նկատմամբ

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից  հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և «Իմ քայլը »շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով  բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:

Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է սալջարդ վնասվածք:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

ՀՀ դատախազության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը պատասխանել է, որ Դ. Պետրոսյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ:

 

  • Հաշվետվություն անօրինական ազատազրկումների, բռնությունների և ոստիկանության բաժիններում կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ

Կազմակերպության կողմից ներկայացվել է հաշվետվություն, որի մեջ անդրադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է, որ հանցագործության մասին հաղորդումը կցվել է 62212818 քրեական գործին՝ համատեղ ընթացքը լուծելու նպատակով:

Հատուկ քննչական ծառայությունը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ ասվում է՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասությանը ենթակա քրեական գործերով սուբյեկտների/կողմից հանցավոր արարք կատարելու մասին փաստական տվյալներ ստացվելու դեպքում խնդրում եմ քննարկել նյութերը Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը:

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը պատասխանել է, որ նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի վարչություն՝ նույն հանգամանքների կապակցությամբ ոստիկանության ԵՔ վարչության շտաբում կատարվող ծառայողական քննությունների շրջանակներում համատեղ ընթացքը լուծելու համար:

 

  • ԵՊՀ ուսանողների նկատմամբ կատարված հարձակման և հնչած սպառնալիքների վերաբերյալ

2018 թվականի ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում մի խումբ ուսանողներ իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին և ուսանողներին բաժանել են «Իմ Քայլը» շարժման թռուցիկներ: Իրազեկման ընթացքում ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց և խլել թռուցիկները: Ուսանողների նկատմամբ հնչեցվել են սպառնալիքներ և մեղադրանքներ նույն անվտանգության պետի կողմից: Իսկ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշքշել է և հրել ուսանողուհիներին:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժինը պատասխանել է, որ որոշում  է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել:

 

  • Քաղաքացուն դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ (2հաղորդում)
  1. Ոստիկաններ քաղաքացուն բռնի ուժով զրկում են ազատությունից՝ չներկայացնելով որևէ բացատրություն: Տեսանյութի 1:03 րոպեից երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը դիտավորությամբ, սեղմելով վնասում քաղաքացու գլուխը՝ ուժեղ ցավ պատճառելով վերջինիս վզի հատվածում: Չնայած քաղաքացու ստացած վնասվածքին՝ ոստիկանները շարունակում են վերջինիս նկատմամբ ուժ գործադրել:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է, որ գործը կցվել է քննչական ծառայությունում գտնվող թիվ 62212818 գործին համատեղ ընթացքը լուծելու նպատակով:

  1. 2018 թվականի ապրիլի 23-ին armtimes.com լրատվական կայքով տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է ոստիկանության զորքերի կողմից 22 ապրիլի 2018 թվականին քաղաքացուն հանրապետության հրապարակից բերման ենթարկելու տեսանկարահանումը, որտեղից պարզ է դառնում, որ կարմիր բերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը:

Ի պատասխան Հատուկ քննչական ծառայության կայքէջից տեղեկանում ենք, որ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ.-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:

 

  • Թիվ 1033 զորամաս մոտ 40 քաղաքացիական հագուստով անձանց վերաբերյալ մուտք գործելու և զորամասում զինվելու վերաբերյալ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունում այսօր՝ 25 ապրիլի 2018թ. առավոտյան՝ ժամը 12:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 (Դավիթաշենում տեղակայված) զորամաս են մտել մոտ 40 քաղաքացիական հագուստով անձինք և զինված դուրս եկել զորամասի տարածքից: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և վտանգավորության աստիճանը հասարակական կարգի պահպանման և խաղաղ հավաքի մասնակիցների անվտանգության համար, խնդրում ենք անհապաղ ստուգել տեղեկատվությունը և հրապարակային պարզաբանում ներկայացնել:

ԻՊԱՍ-ի կողմից ստացված հաղորդմանը ի պատասխան

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն խնդրում են տրամադրել ինֆորմացիան տրամադրած անձի անհատական տվյալները