«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝ այս պահին հիմնական խնդիրն է այն, որ քաղբանտարկյալները դեռ ազատության մեջ չեն: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Ռոբերտ Ռևազյանը նշեց. «Քաղբանտարկյալներին ազատ արձակելը լինելու է առաջնային խնդիր, որը ոչ միայն մարդու իրավունքների տեսակետից է լավ, այլև հասարակության առողջացման համար»: Ռոբերտ Ռևազյանը տեղեկացրեց, որ փաստաբանները քաղբանտարկյալներին ազատ արձակելու իրավական քայլերի վերաբերյալ տարբերակներն առաջարկել են: Դառնալով այս առումով նոր կառավարության տրամադրվածությանը՝ Ռոբերտ Ռևազյանն ասաց. «Նոր կառավարությունն ուղղակի չի ուզում ցուցում տալ դատարաններին ազատ արձակել անձանց: Դա դրական եմ համարում, կարծես փորձ է արվում չմիջամտել դատական գործընթացին: Բայց դատավորներն իրենք պիտի հասկանան, որ ժամ առաջ արդարադատությունը պետք է վերականգնեն»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փաստեց՝ կառավարության նոր կազմը ձևավորվել է ընդամենը դեռ նախարարների մակարդակով. «Գործադիր իշխանության ձևավորումն ընթացքի մեջ է, էլ չեմ ասում առաջիկա 20 օրվա ընթացքում կառավարությունը ծրագիր պետք է ներկայացնի ԱԺ-ի հաստատման: Բայց օրենսդրական փոփոխությունների առումով խնդիրների լուծման համար ունենք սահմանափակ հնարավորություններ»: Ըստ Արթուր Սաքունցի՝ ակնկալիքները դատական իշխանությունների վարքագծի նկատմամբ առավել քան մեծ են: Այս առիթով նա մանրամասնեց. «Դատական իշխանությունը, եթե սպասման ռեժիմի մեջ էր, դա խոսում է այն մասին, որ դատական իշխանությունը, որը հարմարեցված է քաղաքական իշխանության պահանջների շրջանակում գործելուն, այդ իշխանությունների բացակայության պարագայում գտնվում է անորոշության մեջ: Երբ չի աշխատում հրահանգի ինստիտուտը, նա չգիտի՝ ոնց աշխատի, քանի որ սովոր չէ աշխատել արդարադատության տեսանկյունից»:

Այս համատեքստում պարոն Սաքունցը բացառություն համարեց Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ բավարարվել է ոչ թե պաշտպանի միջնորդությունը, այլ դատարանն իրականացրեց արդարադատություն խափանման միջոցի հետ կապված: Արթուր Սաքունցը արդարադատության առողջացման համար Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին ուղերձ հղեց. «Պարոն Մկրտումյանը պետք է ունենա առնվազն պատշաճ կամք և պատասխանատվություն և նաև ունի ազատության այն աստիճանը, որ հրաժարական տա: Դա կլինի առողջացման և բարեփոխման առաջին քայլը: Հենց նրա գործողությունների վերաբերյալ ՄԻԵԴ-ը նշել է, որ նա անձնական պատասխանատվություն ունի մարդու իրավունքների խախտման առումով դատարանի որոշման հարցում»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանը փաստեց՝ անկախությունից ի վեր դատական իշխանությունների անկախության հարցը բարձրացվել է. «2015-ի սահմանադրական փոփոխությունների՝ որպես կարևոր նպատակ դիտվեց դատական օրենսգրքի փոփոխությունը, սակայն այն փոփոխությունները, որոնք առաջ քաշվեցին, ցույց չեն տալիս այն բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք կարող են թույլ տալ ասելու, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում դատական անկախ իշխանություն ունենալու համար»: Նա հիշեցրեց բարձրագույն դատական խորհրդի հետ կապված գոյություն ունեցող մտահոգությունները:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանն էլ այսպիսի կարծիք հայտնեց. «Որպես իրավապաշտպան՝ կուզեի, որ ՀՀԿ-ականները, օրինակ՝ Շարմազանովը, մի քանի մարդկանց, օրինակ՝ Գևորգ Սաֆարյանին և այլոց ազատ արձակելու դիմումներ ստորագրեին: Դա նրանց հեղինակության վրա ուղղակի ազդեցություն կունենար, լավ համարում ձեռք կբերեին: Պետք է գիտակցել ու հրաժարվել նախկին կեցվածքից ու գնալ առաջ»: Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանի նշանակմանը՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց. «Արտակ Զեյնալյանը բացարձակ հեղինակություն ունի հանրության շրջանում: Պետք է լինեն գործողություններ, որոնք պիտի լինի հրապարակային, և հանրությունը պիտի տեսնի և նույն դատական համակարգի մարդիկ էլ կարողանան հասկանալ, որ իրենք պետք է փոխվեն: Գլխավոր դատախազը, կարծում եմ, փոխվելու է, բայց չեմ պատկերացում՝ ով պետք է լինի: Կուզեի, որ լիներ և՛ պինդ, և՛ բարձր գիտելիքների տեր մարդ»:

 

Աղբյուրը՝ www.aravot.am