«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության վիճակով

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բարձրաձայնում է Հայաստանում մամուլի ազատության անկման մասին: Փարիզում տեղակայված կազմակերպությանը հատկապես մտահոգել են կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու օրենքները:

«Կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության այլևս հարցազրույց չեն տա լրագրողներին, լրագրողներն էլ չեն կարողանա ներկա գտնվել կառավարության նիստերին՝ դրանք այսուհետ դռնփակ կանցկացվեն», – ասված է կազմակերպության հայտարարությունում:

Դրանում նաև նշվում է, որ նույն օրը անակնկալ կերպով քվեարկության է դրվել և ընդունվել է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն՝ լրագրողներն այսուհետ չեն կարողանա ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին և դրանց կհետևեն մամուլի կենտրոնից:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը», – ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Միջազգային կազմակերպության հայտարարությունում նաև ասված է՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների թիվն է ավելացել: ,2017-ին առնվազն 17 լրագրող է բռնության ենթարկվել: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ամենավտանգավոր ու լարված շրջանն էր: Araratnews.am կայքի ներկայացուցիչներ Շողիկ Գալստյանն ու Հայկ Պետրոսյանը և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող Սիսակ Գաբրիելյանը հարձակման ենթարկվեցին ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի մոտ հենց ընտրության օրը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում երեք այլ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրվեց, մի քանիսին էլ սպառնացել էին, որպեսզի նրանք չլուսաբանեն ընտրություններըե, – ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը շեշտում է՝ իշխանությունները պետք է ամբողջական և անաչառ հետաքննություն անցկացնեն լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով և վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը:

Հայաստանի պրակտիկան քննադատվել է նաև մամուլի դեմ բերված դատական հայցերի մեծ ծավալի պատճառով: 2017-ին ընդհանուր առմամբ նման 60 դատական հայց է եղել:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչում», ի դեպ, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 5 տեղով ավելի ցածր, քան 2016-ին:

Հայերեն թարգմանությանը կարող եք ծանոթանալ՝

 

Ազատության կայքէջից