Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Սահմանադրության կոպտագույն խախտումներով

«Այս կամ այն քաղաքական պաշտոնների, ներառյալ նույնիսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուներին առաջադրվող պահանջների մեջ որոշակի ցենզեր սահմանելն՝ այդ թվում նաև քաղաքացիության պարտադիր պահանջը, ենթադրում է ոչ միայն ֆորմալ առումով այդ պահանջը բավարարելը և ունենալ փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ անձը հանդիսանում է տվյալ երկրի քաղաքացի, տվյալ համայնքի բնակիչ, այլ բովանդակային իմաստով ենթադրվում է, որ այդ անձը պետք է այդ տարածքում բնակված լինի, որպեսզի այն խնդիրների լուծման համար, որոնց առնչությամբ ինքը հայցում է իր ընտրողների աջակցությունը՝ ինքը տեղյակ լինի այդ խնդիրներից և վստահություն ներշնչի։ Մասնավորապես, նոր նախագահի թեկնածուի պարագայում հենց այս առաջին նախապայմանն այլևս գոյություն չունի, այսինքն հիմա մենք առնչություն ունենք մի իրականության հետ, որտեղ ենթադրաբար ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը երկար ժամանակ ՀՀ-ում չի բնակվել․ արդյո՞ք բնակության բացակայության փաստն արդեն ինքնին խնդիր չէ, որպեսզի նման անձի նախագահի թեկնածության խնդիրն օրակարգից վերանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով հետաքննող լրագրողների ցանցի այն բացահայտումներին, ըստ որի՝ բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թվականի հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Մինչդեռ նշենք, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այս համատեքստում Հայկուհի Հարությունյանը նաև հավելեց․ «Այսինքն, այստեղ իրավական տեսանկյունից, այո, մենք առնչվում ենք մի իրականության հետ, որտեղ մենք ի սկզբանե խախտումներով առաջադրում ենք Հանրապետության նախագահի թեկնածու, որը, բնականաբար, այն կառուցակարգը, որը նոր Սահմանադրությամբ դրվել է և ԱԺ-ն պետք է փաստացի քվեարկի այդ նախագահի օգտին, մենք որևէ այլընտրանք հնարավորություն չունենք դրա վրա ազդելու և այս իրականությունում ստացվում է, որ մենք հաշտվում ենք նույնիսկ Սահմանադրության կոպտագույն խախտման հետ»։

Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ, եթե ունենալու ենք նախագահ, որը ի սկզբանե պաշտոն է ստանձնելու խախտումներով, ապա այդ անձի հետագա գործողությունների նկատմամբ վստահությունն՝ գոնե իր մոտ որպես ՀՀ քաղաքացի, այլևս բացակայում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղբյուրը՝ 1in.am