«ԻՊԱՍ» ՀԿ-ի շահառուն ազատ է արձակվել Նուբարաշեն հոգեբուժական բժշկական կենտրոնից

«Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ շահառու Գ.Ն. ազատ է արձակվել Նուբարաշեն հոգեբուժական բժշկական կենտրոնից ուր ս.թ. հունիսի 8-ին տարվել և պահվում էր ապօրինաբար՝ խնամակալի որոշմամբ՝ առանց սեփական համաձայնության: (Քաղաքացին ապօրինի պահվում է «Նուբարաշեն» հոգեբուժարանում (ԻՊԱՍ)

Մինչդեռ հոգեբուժական բժշկական կենտրոնի մասնագետների և վարչակազմի գնահատմամբ՝ անձը տեղափոխվել էր հիվանդանոց օրինական կարգով՝ օրինական ներկայացուցչի կողմից:

Մեր կազմակերպության փաստաբանների և Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ս.թ. հունիսի 12-ին Նուբարաշեն հոգեբուժական բժշկական կենտրոնում տեղի ունեցած հոգեբույժների հանձնաժողովային հետազոտությամբ արձանագրվել է, որ Գ.Ն. հոգեբուժական հարկադիր բուժման կարիք չունի, այլ ունի հատուկ խնամքի կարիք: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս խնամակալը հրաժարվել է նրան տանել հոգեբուժական կլինիկայից, Գ.Ն. ստիպված է եղել շուրջ երեք օր առանց որևէ բժշկական անհրաժեշտության պահվել հոգեբուժական հիվանդանոցում:

Նման պայմաններում ևս մեկ անգամ արձանագրվում է Հայաստանի Հանրապետության ձախողումը՝ ծեր և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում և հատկապես պետության կողմից իր միջազգային ներքո պարտավորությունների երաշխավորված խնամքի կազմակերպման հարցում: