Դատապարտյալի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման մերժումը բողոքարկվել է դատական կարգով  

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական օգնության շրջանակներում դատապարտյալ Հ. Ն.-ին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում է ներկայացվել դատարան՝ հիմք ընդունելով, որ անձն ունի ազատության իրավունքի դատական պաշտպանության իրավունք և ՀՀ-ում դատարանն է միակ մարմինը, որը իրավասու է լուծելու դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը:

Համաձայն քրեակատարողական հիմնարկի կողմից տրված բնութագրի՝ դատապարտյալը գնահատվել է դրական, ընթացիկ գնահատման արդյունքները գնահատվել են միջին, ռիսկայնության աստիճանը՝ ցածր: Դատապարտյալի ուղղման վերաբերյալ տրվել է եզրակացություն, որ ձերբազատվել է հանցածին հակումներից, կանգնած է ուղղման ճանապարհին: Մինչդեռ Անկախ հանձնաժողովի կողմից դատապարտյալի վաղաժամկետ ազատման հարցը մերժվել էր՝ առանց որևէ հիմնավորման:

 

Դատարան ներկայացված դիմումում ընգծվել էր այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կոնկրետ չափանիշներ, որոնց հիման վրա դատապարտյալը կգնահատվեր, ավելին, Անկախ հանձնաժողովը, որը հավանություն է տալիս դատապարտյալին պաըժից վաղաժամկետ ազատելու ՝ քրեակատարողական հիմնարկի միջնորդագրին որևէ կերպ չի հիմնավորում իր կայացրած որոշումները:

 

Ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կատարվել էր համապատասխանաբար դիմումի և վերաքննիչ բողոքը ըստ էության քննություն: Դատարաններն ուղղակիորեն անդրադարձ էին կատարել դատապարտյալ Հ. Ն. պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցին, անկախ այն հանգամանքից, որ Անկախ հանձնաժողովը հավանություն չէր տվել և դիմումը ներկայացվել էր դատապարտյալի կողմից՝ անձամբ: Ե՛վ առաջին ատյանը, և՛ վերաքննիչ դատարանի կողմից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու պահանջը մերժվել էր՝ հիմնավորմամբ, որ նա դեռևս չի ուղղվել և առկա է պատժի չկրած մասը կրելու անհրաժեշտությունը:

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանների կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:

 

Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել է հետևյալ  հարցը՝ Արդյոք դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատական կարգով քննելիս դատապարտյալի ուղղմանը վերաբերող տվյալների, անձնական հատկանիշների անհատականացված ուսումնասիրություն չիրականացնելը և տարբերակված մոտեցում չցուցաբերելը չի խախտում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պարտականությունը՝ հանգեցնելով գործի արդարացի  դատաքննության իրավունքի խախտման:

Բողոքում նշվել է նաև, որ ստորին դատարանները խախտել են դատապարտյալի տարբերակման և անհատականացման սկզբունքը, չեն իրականացրել դատապարտյալի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի առնչությամբ նրա ուղղմանը վերաբերող տվյալների, անձնական հատկանիշների և պատժի կրման շարունակականության անհրաժեշտության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն, ինչի արդյունքում կայացվել է վաղաժամկետ ազատումը մերժելու որոշում: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: