ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպում

2017 թվականի ապրիլի 24-26 Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում տեղի ունեցավ ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր հարթակ տրամադրել ԵԱՀԿ անդամ երկրների հասարակական կազմակերպություններին՝ դատական մոնիթորինգների վերաբերյալ փորձի փոխանակման և իրենց գործունեության ընթացքում վեր հանված խնդիրների քննարկման և լուծումների ներկայացման առնչությամբ:

Այս անգամ ևս հանդիպմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական» կազմակերպությունը: Հանդիպման ընթացքում կազմակերպությունը կիսվել է իրականացված դատական մոնիթորինգների պրակտիկայով և դատական իշխանության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:

Առանձնակի շեշտադրում է կատարվել ներկայումս ընթացող «Դատական օրենսգրքի» փոփոխությունների և ըստ այդմ դատական իշխանության անկախության և արդյունավետության ապահովման երաշխիքների վրա: