Հիմնադիր խորհրդարանի օպերատորը կմնա կալանավայրում (տեսանյութ)

Հիմնադիր խորհրդարանի օպերատոր Վահագն Ղումաշյանը կմնա կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: 24 օր առաջ  կալանավորված Վահագն Ղումաշյանը մեղադրվում է  զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Պաշտպան Հայկուհի Հարությունյանը սակայն նշում է, նա այդ օրը դեպքի վայրում չի եղել:

«Վահագնը,  ինչպես նաեւ իր ընկերները,  որոնց հայտարարությունները մենք հրապարակեցինք եւ դատարանին ներկայացրեցինք,  տեղեկացրել են, որ այդ օրը Վահագն Ղումաշյանն առհասարակ չի եղել դեպքի վայրում, կոնկրետ մարդիկ տեղեկություններ են ներկայացնում, թե որ ժամին Վահագնը որտեղ է եղել, բնականաբար նախաքննության մարմինը այդ տեղեկությունները չունի, իրենք որեւէ գործողություն չեն կատարել, դուք ուղղակի չեք պատկերացնում: Վահագնին ուղղակի ոստիկանության աշխատողները գնացել տնից վերցրել են, այս փաստաթղթերը գրել  են եւ  տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:  Վահագնի երեսը նույն քննիչը երկու անգամ չի տեսել, որ ճանաչի եւ իմանա, որ սա էր Վահագնը»,- դատական նիստից հետո ասաց պաշտպանը:

Օգոստոսի 3-ից կալանավորված Վահագն Ղումաշյանի նկատմամբ քննչական մարմինը որեւէ քննչական գործողություն  չի կատարել: Իսկ դատարանը  որպես   Վահագն Ղումաշյանի արարքը հիմնավորող ապացույց համարել է տուժողների եւ մեղադրյալի ցուցմունքները: «Եթե Վահագնը ցուցմունք չի տվել, ո՞ւմ են հարցաքննել, որ ներկայացրել են դատարան եւ դատարանն էլ հաստատում է, որ ես տեսել եմ այդ փաստաթուղթը, դատարանը հաստատում է, որ տրանսպորտային միջոցի զննության արձանագրությունն է  տեսել, սակայն դրանք կայացվել են ավելի ուշ: Այսինքն՝ Վահագնին կալանավորել են, նոր օգոստոսի 3-ից հետո որոշումներ են կայացվել»,- ավելացնում է պաշտպանը:

Ի դեպ, Վահագն Ղումաշյանի գործով կայացված կալանավորման որոշման մեջ այլ անձի անուն-ազգանուն է գրված եղել: «Այնքան copy past  են արել նույն որոշումները, որ չեն հասցնում անուն-ազգանունները փոխել, Վահագն Ղումաշյանի որոշման մեջ գրել են ուրիշ մարդու անուն-ազգանուն՝ Գարիկ Էդուարդի Առուստամյան»,- եզրափակեց պաշտպան Հայկուհի Հարությունյանը:

 

 

www.a1plus.am