«Այրված, ծեծված ու խաբված»` Երևանում հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ զեկույցի հրապարակումը

«Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների» կազմակերպությունը ՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, և Հայաստանի մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների հետ` այսօր ներկայացրեց Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունների արդյունքում կազմած զեկույցը:

Զեկույցն ամփոփում է տվյալներ, որոնք ձեռք են բերվել հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Երևանում կատարված փաստահավաք աշխատանքի արդյունքում: Ամփոփ ներկայացված է  42 տուժածի և ականատեսի վկայություն:

Զեկույցը փաստարկում է լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու, խաղաղ բնակիչների ձերբակալման և կալանավորման ընթացքում կատարված խախտումների, ակտիվիստների ճնշման և հետապնդման մասին: Զեկույցը նաև պարունակում է միջազգային նորմերի և Հայաստանի ներպետական օրենքների խախտման մասին իրավաբանական վերլուծություններ:

Ներկայացնելով զեկույցը` Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական Լենե Վեթլանդը նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում մասնակցել խաղաղ հավաքների մոնիտորինգի, բայց, այնուամենայնիվ, զարմացած է ՀՀ իշխանությունների արձագանքից`հուլիսի 17-30-ը տեղի ունեցած խաղաղ ցույցերը խոչընդոտելու առումով. «Ես տեսել եմ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը և 2008 թվականի մարտի 1-ին, և 2015 թվականին Էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ, բացառություն չէր նաև այս տարվա հուլիսը: Իշխանություններն իրավունք չունեին նման վերաբերմունք ցուցաբերել, անգամ եթե ցուցարարները ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել: Ոստիկաններն անգամ ներխուժել են խաղաղ բնակիչների տներ ու անմարդկային վերաբերմունքի արժանացրել վերջիններիս»:

Լենե Վեթլանդի խոսքով` եղել են անհիմն ձերբակալություններ, չեն ներկայացվել ձերբակալման հիմքերը, ինչպես նաև  ձերբակալումից հետո ցուցարարներին չի տրամադրվել համապատասխան իրավաբանական օգնություն:

Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նոր նախագահ Նինա Կարապետյանցի խոսքով որևէ արտառոց բան տեղի չունեցավ` ոստիկանների կողմից  բռնությունների գործադրման տեսակետից. «Արտառոց էր միայն բերման ենթարկվածների քանակը, Երևանի ոստիկանական բաժանմունքներում տեղ չկար ու մարդկանց տեղափոխել են Հրազդան, Արմավիր, Գյումրի, Վանաձոր, անգամ զորամաս»:

Իսկ «Հեսլինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր»-ի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ ոստիկանության աշխատակիցներն ու քննչական մարմիններն ամեն կերպ վախի և անելանելիության մթնոլորտ են ուզում ստեղծել, որ հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ապօրինությունների, բռնությունների ու ծեծի հետևանքով տուժած քաղաքացիները չբողոքեն:

«Ոստիկանության աշխատակիցներն ու քննչական մարմիններն ամեն ջանք գործադրում են՝ քաղաքացիներին համոզելու, որպեսզի նրանք հրաժարվեն բողոքներ ներկայացնելուց: Համոզում են, ճնշում, տարբեր մեթոդներ են կիրառում, այդ թվում՝ հարազատներին են ներգրավում, փորձելով այդ կերպ ազդել տուժած քաղաքացիների վրա»:

Իրավապաշտպանը տեսակետ հայտնեց, որ ՀՀ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրում` ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, նրանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու համար:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանն  էլ իր խոսքում նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ընթացքում նա հատուկ ընդգծեց և շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմիններին` իրենց կողմից իրականացված լավ աշխատանքի համար,  հիմք է տալիս ենթադրելու,  թե ինչպես կընթանան  և ինչ արդյունք կունենան  իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործերի քննությունը:

«Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների» կազմակերպության կոորդինատոր Սվետլանա Վալկոնն ամփոփելով զեկույցի ներկայացումը` ընդգծեց, որ իրենք զեկույցում հանդես են եկել համապատասխան առաջարկություններով, հույս ունենալով, որ  Հայաստանի Հանրապետության կառավարությունը կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները` երկրում կատարված իրավախախտումների մեղավորներին պատժելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:

Նա նաև  նշեց, որ զեկույցը ներկայացվելու է ԵԱՀԿ-ի պլատֆորմի շրջանակներում իրականացվող հանդիպումների ժամանակ, ինչպես նաև  միջազգային այլ կազմակերպություններին` ահազանգելով մարդու իրավունքների խախտումների մասին, ինչը ենթադրում է, որ  Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու զեկույցում արձանագրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պատասխաններ տալ միջազգային այն կառույցներին, որոնց  անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Զեկույց

Armhels.com

 

Leave a Reply