Բաց նամակ

ՀՀ առողջապահության նախարար՝

Արմեն Մուրադյանին

 

Սույով դիմում ենք Ձեզ՝ մեր մտահոգությունները հայտնելով 2016 թ.-ի հուլիսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի և այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման և բուժօգնության առնչությամբ:

2016թ.-ի օգոստոսի 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռևս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները և ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները:

Առաջին: Վնասվածնքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում և ախտորոշում:
Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:
Այս հանգամանքը խսիտ կարևոր է նախաքննության մարմնի կողմից իրականցվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման և համարժեք պատասխանատվության առաջադրման համար:

Խնդրում ենք հետևողականություն դրսևորել և ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության և լրջության հստակ և ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն և դրանք տրամադրվեն քաղաքացիներին:

Երկրորդ: Բուժման ծախսեր
Դեռևս բուժում ստացող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները անհանգստացած և մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն, այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը:

Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին:

Երրորդ: Հոգեբանական աջակցություն
Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաև մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները:

Ուստի դիմում ենք ձեզ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովելու հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի և այլ բարդույթների վերացման համար:

Կանխավ շնորհակալություն,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ
Հայկուհի Հարությունյան

03.08.2016թ.

 

Leave a Reply