Հայտարարություն իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին

2016 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում մի խումբ անձինք՝ որպես բողոքի և երկրում տիրող ապօրինությունների դեմ ընդվզում, մուտք են գործել Երևան քաղաքի ոստիկանության Էրեբունի բաժին, որտեղ ոստիկանությանը ներկայացրել են իրենց պահանջներն ու պայմանները:

Նույն օրը ՀՀ Ազգային անվտանգությունը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ «(…) որ տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ զինված ապստամբություն է սկսվել, շենքեր և շինություններ են գրավել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները[1]»:

Չնայած ՀՀ Ազգային անվտանգության հայտարարությանը՝ ոստիկանությունն ի պատասխան քաղաքացիների գործողությունների՝ մասսայական իրավախախտումներ և անօրինականություններ է իրականացրել քաղաքացիների նկատմամբ:

Մասնավորապես՝

  1. Ոստիկանության կողմից անօրինական կարգով սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, մասնավորապես՝ դեպի Երևան տանող մայրուղու վրա ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել, խուզարկել են մեքենաները և զննության ենթարկել քաղաքացիներին[2]:
  2. Քաղաքացիներն առանց օրինական հիմքի և իրավական փաստաթղթերի բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում: Ոստիկանության կողմից «առևանգված» անձանց ընտանիքի անդամներն անորոշության և խուճապի մեջ են, քանի որ իրենց հարազատների վերաբերյալ տեղեկություններ չունեն ավելի քան 10 ժամ:
  3. Երևան քաղաքի բնակիչներին տեղափոխել են քաղաքից դուրս՝ Էջմիածնի ոստիկանության բաժին, իսկ մի մասին տեղափոխել են ոստիկանության զորքերի վարչական շենք, որտեղ քաղաքացիներին պահելու իրավասություն չկա: Ավելի քան 10 ժամ պահվելուց հետո ազատ արձակվածները պատմում են, որ ոստիկաններն ուղղակի իրենց «առևանգել են» փողոցից՝ առանց տեղեկացնելու, թե ուր և ինչի են տանում: Ոստիկանության զորքերի վարչական շենքում անձանց ենթարկել են ծեծի ու ֆիզիկական այլ բռնության: Ազատ արձակվածների հաղորդած տվյալներով՝ ընդհանուր թիվը կազմել է շուրջ 100 մարդ[3]:
  4. Բերման ենթարկված անձանց արգելվել է տեսակցել իրենց փաստաբանների հետ, և փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել ոստիկանության բաժիններ: Մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումները և ոստիկանության կողմից օրենքի պահանջների անտեսումն անթույլատրելի է, անկախ տեղի ունեցած միջադեպից, առավելապես, երբ իշախանությունները հայտարարում և հաստատում են, որ իրավիճակը վերահսկվում է, և գործունեության բնականոն գործընթացը չի խաթարվել:

 

Կոչ ենք անում

  • ՀՀ իշխանություններին և ՀՀ ոստիկանությանը՝ գործել մարդու իրավունքների սկզբունքներին հավատարիմ և խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները,
  •  Միջազգային կազմակերպություններին և միջազգային հանրությանը՝ վերահսկողություն սահմանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ՝ բացառելու համար մարդու իրավունքների հետագա խախտումները: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ 18 հուլիսի, 2016 թվական

 

  • [1]ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը,sns.am
  • [2] «Ազատության» ռադիոկայան, Երևանում, Գյումրիում, Վանաձորում քաղաքացիներ են բերման ենթարկվել, Azatutyun.am
  • [3] «Ազատության» ռադիոկայան, Ոստիկանությունն ազատ է արձակել շուրջ քսան բերման ենթարկվածների, Azatutyun.am