Հայտարարություն ՀՀ նոր ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցմանն ընդառաջ

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ և լուծումներ, և մեր ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակում ենք սույն հայտարարությունը՝ նախքան Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը: Սույն հայտարարությունն անում ենք` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ` մեր կողմից ներկայացվածները:

Ազգային ժողով ուղարկված նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով խիստ անընդունելի է: Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը համակարծիք է մեր այն գնահատականին, որ Նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և նորմերին թե՜ քվեարկության անաչառությունն ապահովելու, թե՜ իսկապես ներկայացուցչական, ժողովրդավարական խորհրդարան ձևավորելու առումներով:

Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ն իրենց համատեղ եզրակացության մեջ առաջարկություններ են ներկայացրել Նախագծի խնդրահարույց դրույթների մեծ մասի վերաբերյալ: Ներկայացվել են նաև այն նվազագույն առաջարկները, որոնք անհրաժեշտ են Նախագիծը գոհացուցիչ մակարդակի հասցնելու համար:

Թեպետ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը Նախագծում առկա ոչ բոլոր խնդրահարույց կետերին է անդրադառնում, մենք իշխանություններին և Ազգային ժողովին կոչ ենք անում` կատարել Եզրակացությամբ առաջարկված փոփոխությունները:

Հատկապես պնդում ենք, որ կարևոր են Եզրակացության 14-րդ և 15-րդ կետերում արված առաջարկությունները:

Մեր կողմից ավելի վաղ արված առաջարկություններին համընկնող բոլոր այդ առաջարկությունները չիրագործելը մեր կողմից կհամարվի ընտրական գործընթացի որակը և ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու` հասարակության և միջազգային հանրության պահանջին ականջալուր չլինելու ափսոսալի դրսևորում:

Օգտագործելով առիթը` վերահաստատում ենք մեր այն կարծիքը, որ ընտրական գործընթացի արժանահավատությունը և որակը փոխելու իրական ներուժ է պարունակում յուրաքանչյուր տեղամասում արդյունքների ամփոփումից անմիջապես հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու վերաբերյալ դրույթը:

Հայտարարությունը բաց է միանալու համար`

Հայաստանի հելսինկյան կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
ՄԻՊ «Իրավագետ սերունդ» ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն – Հայաստան
Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Սպիտակի հելսինկյան խումբ
Խաղաղության երկխոսություն ՀԿ