Ոստիկանները «առանձնահատուկ վերաբերմունքի» արժանացրին զոհված զինվորների ծնողներին և փաստաբանին (ՎԻԴԵՈ)

Այսօր մի խումբ ոստիկաններ քաշքշելով, ուժ կիրառելով ՀՀ նախագահի նստավայրի դարպասի մոտից հեռացրել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին և նրանց շահերը ներկայացնող, փաստաբան Հայկուհի Հարությունյանին:

Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 14-ին, ծնողները եկել էին Նախագահականի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանից՝ 2015 թվականի հուլիսի 7-ի իրենց դիմումի պատասխանը ստանալու ակնկալիքով: Ծնողները դիմումում խնդրում էին իրենց որդիների գործերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ Հունվարի 14-ին նրանց հավաստիացրել էին, որ օրվա երկրորդ կեսին ԱԺ-ից ստացած պատասխանը կփոխանցեն, սակայն մինչև օրս բողոքող ծնողները որևէ պատասխան չէին ստացել:

Այսօր բանակում զոհվածների ծնողները կրկին եկել են Նախագահականի մոտ՝ պարզելու իրենց դիմումի ճակատագիրը։ Վերջիններս փորձել են մոտենալ նախագահականի նամակների բաժնի դռանը, սակայն ոստիկանները շղթա են կազմել և արգելել են առաջ շարժվել:

Ծնողները ստիպված են եղել դուրս գալ փողոցի երթևեկելի հատված՝ այդ կերպ հասնելով նամակների բաժնին։ Նրանց կրկին հանդիպել է Աիդա Ասատրյանը՝ ասելով, որ իրենք ծնողների դիմում֊նամակն ուղարկել են Ազգային ժողովի նամակների բաժին և պետք է պատասխանն այնտեղից սպասել:

Այնուհետև զոհված զինվորների ծնողները բարձրացել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով անցնել նախագահականի դարպասների մոտով, սակայն ոստիկանները նրանց արգելել են:

Ծնողների այն հարցին, թե ինչու մյուս քաղաքացիները իրավունք ունեն անցնել նախագահականի դարպասների դիմացով, իսկ իրենք՝ ոչ, ոստիկանները պատասխանել են, թե վերջիններս ակցիա են կազմակերպում, իսկ նախագահականի դիմաց ակցիա կազմակերպելու իրավունք ծնողները չունեն:

Փաստաբանի այն հարցին, թե ինչի՞ց է երևում, թե զոհվածների ծնողները ակցիա են անցկացնում, ոստիկանները չեն պատասխանել։

2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, ոստիկաններին ասել է, թե այսօր առավոտյան, երբ ինքը մենակ անցնելիս է եղել նախագահականի դարպասների դիմացով, ոստիկանները նույնպես արգելել են քայլել՝ ասելով. «Կոնկրետ ձեզ համար մենք հանձնարարություն ենք ստացել, որ չթողնենք անցնեք»:

Ոստիկանները ծնողների՝ նախագահականի դարպասների դիմաց կանգնելու արգելքը պատճառաբանել են նրանով, թե ծնողները խոչնդոտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, և այլ քաղաքացիներ ստիպված են լինում երթևեկելի հատվածով շարունակել ճանապարհը: Ծնողներն իրենց հերթին պնդել են, որ իրականում մարդկանց անցուդարձին խոչընդոտում են իրավապահները, ովքեր շղթա կազմելով փակում են մայթը։

Այնուհետև ոստիկանները շղթա են կազմել և, ծնողներին ու փաստաբանին հրելով, հեռացրել նախագահականի դարպասի դիմացից: Հարությունյանը չի ենթարկվել՝ ասելով, որ ինքը իրավունք ունի այդ մասով անցնել և ինքը ակցիա չի անցկացնում: Ոստիկանները ուժ են կիրառել Հարությունյանի նկատմամբ։ Epress.am֊ի հետ զրույցում նա նշել է, որ ինքը կանգնած է եղել նախագահականի դիմաց, բացարձակապես չի խոչընդոտել մարդկանց տեղաշարժին և արժանացել է ոստիկանների առանձնահատուկ վերաբերմունքին։

«Ավելի ուշ կփորձենք հասկանալ այդ առանձնահատուկ վերաբերմունքն ինչով է պայմանավորված», ֊ ասել է փաստաբանը։

Միջադեպից հետո ծնողները գնացել են Ազգային ժողովի նամակների բաժին՝ Նախագահականից այնտեղ ուղարկված իրենց նամակի պատասխանը ստանալու համար: ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը պատասխանել է, թե ինքը արձակուրդում է եղել և տեղյակ չէ՝ ինչ ընթացք է ստացել գործը: Պետրոսյանը խոստացել է ծնողներին, որ վաղը նրանց դիմում-նամակը կգտնի և հեռախոսազանգով կտեղեկացնի դրա ճակատագրի մասին:

Ծնողները ծրագրել են նաև գրավոր դիմել ԱԺ՝ պարզելու, թե իրենց նամակ-դիմումի պատասխանը որ փուլում է:

Նշենք, որ զոհված 5 զինծառայողների ծնողները պնդում են, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների գործերով անցկացված քննությունը չի պարզել նրանց մահվան իրական հանգամանքները ու պատճառները։ Տարիներ շարունակ նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության, ԱԺ֊ի և Նախագահի նստավայրի դիմաց, սակայն խնդիրները մինչ օրս լուծում չեն ստանում։

Կից ներկայացնում ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահի դիմումը ուղղված՝ Հատուկ քննչական ծառայությանը և ՀՀ ոստիկանությանը վերը նշված խախտումներն արձնագրելու, իրավական գնահատական տալու և իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

Դիմում հատուկ քննչական ծառայություն և ոստիկանություն

 

Ոստիկանները «առանձնահատուկ վերաբերմունքի» արժանացրին զոհված զինվորների ծնողներին և փաստաբանին (ՎԻԴԵՈ)