Ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատման ինստիտուտը գործում է միայն տեսականորեն

«Իրավունքների պաշտպանություն աանց սահմանների» ՀԿ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված են պատժից ազատման հիմքերը, որոնց մեջ, ի թիվս այլոց, մտնում է նաև ազատազրկվածի մոտ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության առկայությունը: Պատժից ազատման այս ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական դրույթների համաձայն, եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ կամ այլ ծանր հիվանդությամբ, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց:

Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն ունեցող դատապարտյալների պատժի հետագա կրումից ազատման հարցը, սակայն, պրակտիկայում մնում է անիրագործելի: Ինչի մասին անընդհատ բարձրաձայնում են ինչպես իրավապաշտպանները, այնպես էլ դատապարտվածները: Առկա խնդիրները կապված են այս ինստիտուտին առնչվող ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ ընթացակարգային բացթողումների հետ:

Ինստիտուցիոնալ առումով համակարգը բավականին բարդեցված է. Ազատման հարցի քննարկմանը ներգրավված են երեք մարմիններ` բժշկական աշխատանքային հանձնաժողով, միջգերատեսչական հանձնաժողով և դատարան, որոնց լիազորություններն ու պարտավորությունները օրենսդրությամբ հստակ ամրագրված չեն: Արդյունքում` որոշումների կայացումը անհարկի ձգձգվում է, դրսևորվում է անգործություն: Հանդիպում են դեպքեր, երբ ծանր հիվանդությամբ տառապող անձը, ով իրավունք ուներ ազատվելու պատժի հետագա կրումից, այդպես էլ հնարավորություն չի ստանում բանտի պատերից դուրս մահանալ:

Առկա խնդիրների շարքը համալրում է նաև այն, որ հնացած է Կառավարության 825-Ն որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկը, որի հիման վրա պետք է տեղի ունենա պատժից ազատում: Հանդիպում են հիվանդության տեսակներ, որոնք նախատեսված չեն Կառավարության որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկով: Նման դեպքերում թեպետ դատապարտվածի առողջական խնդիրները անտանելի են դարձնում պատժի հետագա կրումն ու լրացուցիչ խնդիրներ ստեղծում քրեակատարողական հիմնարկի համար, այնուհանդերձ, անձը չի ազատվում, քանի որ այդ հիվանդությունը նախատեսված չէ վերոնշյալ որոշմամբ:

Առանձին մտահոգության առարկա է հոգեկան հիվանդություն ունեցող անձանց պատժի կրումը: Հոգեկան հիվանդություն ունեցող դատապարտյալների վերաբերյալ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ իրենց հիվանդությամբ պայմանավորված՝ այս խումբ դատապարտյալներն առավել խոցելի են, ինչը պահանջում է քրեակատարողական հիմնարկի անձնակազմից հետևողական աշխատանք՝ երաշխավորելու, որ ազատազրկման պայմանները չհանգեցնեն անձի նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի: Հաշվի առնելով անձի հոգեկան հիվանդությունը՝ Դատարանը մի շարք դեպքերում արձանագրել է, որ պատշաճ հոգեբուժական խնամք կարող էր ապահովվել միայն մասնագիտացված բժշկական հաստատությունում: Դատարանն արձանագրել է, որ անձի շարունակական ազատազրկումը քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքում առանց համապատասխան բժշկական խնամքի և տևական ժամանակահատվածում առանց իրական փոփոխությունների կանխատեսումների, հանգեցրել է անձի նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի:

Այս առումով կրկին պետք է փաստենք, որ ՀՀ-ում հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձիք զրկված են պատշաճ բժշկական խնամքից: Ավելին, խիստ հազվադեպ են հանդիպում դեպքեր, երբ անձը հոգեկան խանգարման դեպքում ազատվում է պատժի հետագա կրումից:

Ստեղծված իրավիճակը փաստում է, որ մարդասիրական դրսևորում համարվող այս ինստիտուտը Հայաստանում գոյություն ունի միայն տեսականորեն: