Դատական մոնիթորինգ

Դատական մոնիթորինգի ծրագրերը հանդիսանում են Կազմակերպության առանցքային գործունեությունը: Դատական մոնիթորինգը ծառայում է քաղաքացիական հասարակության համար որպես հզոր գործիք, որը հնարավորություն է տալիս գնահատել դատական պրակտիկայի համապատասխանությունը արդար դատաքննության միջազգային և ազգային չափանիշներին: Գործունեության այս ձևաչափը թույլ է տալիս գնահատել արդարադատության համակարգի գործունեությունը, բացահայտել բարեփոխումների կարիք ունեցող ոլորտները` միաժամանակ կանխորոշելով բարեփոխումների ուղղությունը: Միևնույն ժամանակ, դատական մոնիթորինգը մեծացնում է դատական գործընթացի թափանցիկությունը՝ լինելով հրապարակային դատաքննության իրավունքի իրականացման ձև: Մոնիթորինգի ծրագիր սկսելիս Կազմակերպությունն ընտրում է արդարադատության համակարգի առավել խոցելի ոլորտները:

Մինչ օրս կազմակերպությունը հաջողությամբ ավարտին է հասցրել դատական մոնիթորինգի երեք նախագիծ՝ «Արդարադատությունը ՀՀ վարչական դատարանում», զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի մոնիթորինգի ծրագիրը, «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում» դատական մոնիթորինգը: 2013թ.-ի հունվարից Կազմակերպությունը սկսել է «Աջակցելով ՀՀ իրավական և դատական բարեփոխումներին» նախագիծը, որն իրենից ներկայացնում է ՀՀ Վերաքննիչ վարչական ու քաղաքացիական դատարաններում մոնիթորինգի ծրագիր: