2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է նաև ԻՊԱՍ-ը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Իրավունքների գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արտակ Զեյնալյանի և մի շարք այլ փաստաբանների հետ միացավ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ստանձնեց շուրջ 14 ապօրինի բերման ենթարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ում դեմ ոստիկանությունը դատարան հայց էր ներկայացրել` վարչական տույժի ենթարկելու պահանջով:

Ոստիկանության՝ դատարան ներկայացրած հայցադիմումում մասնավորապես նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետևանքների: Հատկանշական է նաև այն փաստը, որ բերման ենթարկված քաղաքացիների մի մասը նշում է, որ չի մասնակցել ակցիային, պարզապես 15:50-16:30 ընկած ժամանակահատվածում գտնվել է Բաղրամյան պողոտայում և բերման է ենթարկվել պողոտայում գտնվելու պատճառով:
Ոստիկանության կողմից 14 քաղաքացիների վերաբերյալ ներկայացված 11 հայցերից ոստիկանությունը հրաժարվել է և գործերը կարճվել են, իսկ 3 քաղաքացիների գործերը դատարանը վարույթ էր ընդունել:

2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ոստիկանությունը դիմել էր դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկելու ակցիայի ընթաքցում բերման ենթարկված քաղաքացիներին և նշանակել տուգանք յուրաքանչյուրին 50.000 ՀՀ դրամի չափով։ Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Այվազյանի խոսքով՝ ոստիկանությունը մոտ 100 մասնակիցների մասով հայցեր է ուղարկել Վարչական դատարան, մինչդեռ նրանցից մի քանիսի գործերը մինչև դատական նիստը կարճվել են։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության» նախագահ Հայկուհի Հարությունյանը դատարանում իրականացնում էր քաղաքացիների ներկայացուցչությունը: Ոստիկանության ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ հրաժարվել են 2 հայցերից: Ներկայումս դատաքննության է նշանակված մեկ գործ:

Միաժամանակ, բերման ենթարկվածների կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային, խտրական վերաբերմունքց զերծ մնալու իրավուքների խախտման փաստը ճանաչելու պահանջով դիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որը սակայն հայցերի ընդունումը մերժել է` պատճառաբանելով, որ նշված հայցապահանջը չի կարող համարվել որպես ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ճանաչման հայց, քանի որ վերջիններս չեն պահանջում ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, այլ նրանք պահանջում են իրավունքի խախտման փաստի ճանաչում, որը, սակայն, նշված նորմի իմաստով չի կարող լինել ճանաչման առարկա:

Նշված որոշումները բողոքարկվել են ՀՀ Վերաքննիչ դատարան և դատարանի կողմից վարույթ են ընդունվել:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում շուրջ 109 քաղաքացիներ, ովքեր խաղաղ հավաք անցկացնելով իրենց բողոքն էին արտահայտում Հայաստանի Հանրապետության կողմից Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, քաղաքի տարբեր մասերից ապօրինի բերման են ենթարկվել: Հատկանշական է այն փաստը, որ ակցիայի ընթացքում ոստիկանների թիվը գերազանցել է ակցիայի մասնակիցների թվին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին: