Ազատազրկված ապագա մայրերը կարո՞ղ են ստանալ մայրության նպաստ

«Եթե հղի կինը ազատազրկված է ու երեխա է ունենալու ազատազրկման վայրում, նա այսուհետ չի կարող ստանալ մայրության նպաստ», – «Հետքի» հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անդամ Հասմիկ Հարությունյանը:

Այս փոփոխությունը, նրա խոսքով, նախատեսված է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով, որի հեղինակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Մասնավորապես՝ հոդված 17-ը փոփոխություն է նախատեսում գործող օրենքի հոդված 23-ում: Նշված է հետևյալը. «Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չի նշանակվում»:

«ՔԿՀ-ում գտնվող ազատազրկված դատապարտյալին մայրության նպաստ չնշանակելը խտրական մոտեցում է նրանց նկատմամբ: Առաջարկվող փոփոխություններով` ազատազրկված մայր-կանայք հայտնվում են անբարենպաստ վիճակում, ենթարկվում ուղղակի խտրականության ազատության մեջ գտնվող կանանց համեմատ` ազատազրկվածի կարգավիճակ ունենալու պատճառով: Այն էլ, օրենքի փոփոխոխություններով` ազատազրկված կանանց մայրության նպաստ տրամադրվում է ոչ թե տարբերակված հիմքով, այլ նրանց կառավարությունն ընդհանրապես զրկում է մայրության նպաստից, ինչը բացասաբար է ազդելու մայրերի սոցիալական պաշտպանվածության վրա»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը:

«Հետքը» դիմեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին՝ տեղեկանալու, թե քանի ազատազրկված ապագա մայրեր են պատիժ կրում «Աբովյան» ՔԿՀ-ում: Բաժնի պետ Գոռ Ղլեչյանը պատասխանեց, որ այս պահին «Աբովյան» ՔԿՀ-ում կա 188 կին, նրանցից՝ 45-ը նախնական կալանքի տակ են, 143-ը դատապարտյալներ են, 13-ը պատիժ են կրում բաց ռեժիմում: ՔԿՀ-ում կա մինչև 2 տարեկան 3 երեխա: «Հղի կանայք այս պահին չկան «Աբովյան» ՔԿՀ-ում»,- տեղեկացրեց ՔԿՎ պաշտոնյան:

Հասարակական կազմակերպության կայքէջում և ֆեյսբուքյան էջում ՀԿ անդամները բարձրաձայնել էին իրենց մտահոգության մասին և կոչ արել կառավարությանն ու ԱԺ-ին անցկացնել հանրային քննարկումներ, վերանայել ազատազրկված մայրերի իրավունքների սահմանափակումը:

Հասմիկ Հարությունյանը նշեց, որ իրենք հղում էին արել նաև Եվրոպական բանտային կանոնների հիմնարար սկզբունքներին: Ըստ այդմ՝ ազատությունից զրկված անձինք պահպանում են իրենց բոլոր այն իրավունքները, որոնցից նրանց օրինականորեն չեն զրկել դատապարտելու կամ կալանավորելու մասին որոշմամբ:

Ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումը պետք է լինի այն նվազագույնը, որն անհրաժեշտ և համաչափ է դրա կիրառման իրավաչափ նպատակին: Ըստ նույն կանոնների` միջոցների անբավարարությունը չի կարող արդարացում լինել բանտային այնպիսի պայմանների համար, որոնց հետևանքով խախտվում են բանտարկյալների` մարդու իրավունքները:

«Ամենահետաքրքիրն այն է, որ որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչու պիտի ազատազրկված կինը մայրության նպաստ չստանա»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:

Այս հրապարակումը պատրաստ էր տպագրության, երբ ԱԺ պաշտոնական կայքէջում երեկ տեղադրվեց նույն օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ արդեն խոսք չկա ազատազրկված մայրերի մասին: Պարզապես այս անգամ անդրադարձ չկա օրենքի հոդված 23-ին, որտեղ սահմանված է. «Քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալի նպաuտի հաշվարկման և վճարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Անի Աղագյուլյանը նշեց, որ կառավարությունը մեխանիկորեն է սրբագրել նախագծի նախնական տարբերակի հոդված 17-ը: «Օրենքը փոփոխվում է, սահմանվում է նոր՝ մայրության նպաստ հասկացությունը: Իսկ օրենքի 23 հոդվածը թողնելով նույնը՝ ըստ էության ազատազրկված կանայք ազատազրկման վայրում մայրանալու դեպքում չեն ստանա մայրության նպաստ, քանի դեռ որևէ մեկը չսկսի բողոքել իր իրավունքի համար: Երբ ուրիշ հոդվածների փոփոխությունն ես նայում, գրված է՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ բառերը փոխարինել մայրության նպաստ բառով: Սակայն 23 հոդվածում ոչ մի փոփոխություն չկա լրամշակված տարբերակով»,- ասաց իրավաբան Անի Աղագյուլյանը:

 

Հետք