Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձեւավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի մայիսի 1-ից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորում» ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Վրաստանում վերջին հինգ տարիներին հանրային կառավարան բարեփոխումների գնահատում իրականացնելն է, ինչպես նաև այսուհետ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ապահովելը:

Գնահատման նպատակով մշակվելու են համապատասխան գործիքներ և մեթոդաբանություն` օգտագործելով Եվրոպական միության անդամ երկրների լավագույն փորձը:

Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը ներգրավվել են հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների գործընթացի մեջ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին և ջանքերին՝ երկու երկրներում էլ հանրային կառավարման բարեփոխումների մի շարք ոլորտներում նվազ առաջընթաց է արձանագրվել, օրինակ` հանրային վստահելության և իշխանության գործունեության կանխատեսելիության (իրավական որոշակիություն) առումով երկու երկրներում էլ դեռևս անելիքներ կան:

Էստոնիայի Արեւելյան գործընկերության կենտրոնի արտաքին մոնիթորինգի զեկույցի համաձայն՝ Վրաստանը եւ Հայաստանը ունեն գրեթե նույն վարկանիշը հանրային կառավարման արդյունավետության ապահովման սանդղակում (կառավարման արդյունավետությունը կարգավորման որակի չափանիշերով): Էստոնիայի Արեւելյան գործընկերության կենտրոնի զեկույցը հանդիսանում է միակ չափանիշը հանրային կառավարման համակարգում տեղի ունեցած բարեփոխումները գնահատելու համար, և չկա որևէ տեղական անկախ հասարակական մարմին, որը կարողանա գնահատել, թե ինչ ծավալով են իրականացվել նախատեսված բարեփոխումները և ինչ ազդեցություն են ունեցել: Եվրոպական միության երկրների փորձը ցույց է տալիս, որ հանրային կառավարման արդյունավետությունը և հաջողությունը անմիջապես կախված է կառավարման մարմիններից և կառավարման ձևերից:

Ելնելով Եվրոպական միության երկրների փորձից՝ ծրագիրը նպատակ ունի ձևավորել մոնիթորինգի եւ գնահատման մեթոդաբանություն, որի հիման վրա հնարավոր կլինի այսուհետ անկախ վերահսկողություն ապահովել հանրային քաղաքականության բարեփոխումների նկատմամբ:

Ծրագրի ընթացքում կհետազոտվեն հանրային կառավարման բարեփոխումների երեք հիմնական ոլորտներ՝ հանրային կառավարման համակարգային փոփոխությունները, հանրային քաղաքականությունը, կարգավորող օրենսդրությունը:

Հետազոտության արդյունքները կամփոփվեն զեկույցում: