«Բաց կառավարում և տվյալների պաշտպանություն» թեմայով սեմինար Թալինում և Հելսինկիում

2013թ հոկտեմբերի 20-24 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարում և տվյալների պաշտպանություն» թեմայով սեմինարին, որը կազմակերպվել է Թալինում և Հելսինկիում:

Սեմինարը կազմակերպվել է Արևելյան Գործընկերության Էստոնական կենտրոնի և Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից՝ Եվրոպական Միության աջակցությամբ:

Սեմինարին մասնակցում էին Արևելյան Գործընկերության անդամ 6 երկրների ներկայցուցիչ-փորձագետներ, որոնք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրենց երկրներում իրականացրել են բաց կառավարման, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության ոլորտների վերաբերյալ հետազոտություն:

Սեմինարը նպատակ ուներ հետազոտության արդյունքում կազմված զեկույցը ներկայացնել մասնակիցներին` տարածելով վերջիններիս հաջողված փորձը, ինչպես նաև ծանոթանալու Էստոնիայի և Ֆինլանդիայի փորձին բաց կառավարման, էլեկտրոնային ժողովրդավարություն (e-democracy), էլետրոնային մասնակցություն (e-participation) տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության ոլորտում, կառուցել միասնական հիմքեր նշված ոլորտների զարգացումը Արևելյան Գործընկերության անդամ երկրներում խթանելու համար:

Սեմինարի առաջին օրը SIGMA/OECD կազմակերպության քաղաքականության մշակման, ռազմավարության և բարեփոխումների բաժնի ղեկավարը ներկայացրեց բաց և թափանցիկ կառավարման միջոցով կառավարության նկատմամբ հասարակության մեջ վստահություն ձևավորելու մեխանիզմները: Մասնակիցները քննարկումներ ծավալեցին` ներկայացնելով իրենց երկրների փորձը:

Այնուհետև մասնակիցներն այցելեցին Էստոնիայի Տեղեկատվության և Հեռահաղորդակցության կենտրոն (ICT Demo Center), որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և միավորում է Էստոնիայում գործող տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպություններին և իրականացնում վերջիններիս համակարգումը: Այս կենտրոնն է պատասխանատու անհատական տվյալների հավաքման և պաշտպանության համար տեխնիկական մասով, մասնավորապես` տվյալների բազաների ձևավորման և դրանց հակերային հարձակումներից պաշտպանելու մասով:

Սեմինարի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեց բաց կառավարման, էլեկտրոնային ժողովրդավարության(e-democracy), էլեկտրոնային մասնակցության (e-participation) հայեցակարգերը:

Որպես բաց կառավարման իրականցման օժանդակող մեխանիզմ ներկայացվեց նաև Բաց կառավարման գործընկերության(Open Government Partnership) գործունեությունը:

Այս թեմատիկ բլոկում ներկայացվեց նաև անհատական տվյալների պաշտպանության մեխանիզմը, մասնավորապես` կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ռազմավարության և օրենսդրության մասով, ինչպես նաև անձնական կյանքի անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության հավասարակշռման մասով:

Սեմինարի երրորդ և չորրորդ օրերը շարունակվեցին Ֆինլանդիայում` Հելսինկիում, որտեղ մասնակիցներին ներկայացվեց նաև բաց կառավարման, էլեկտրոնային ժողովրդավարության(e-democracy), էլեկտրոնային մասնակցության (e-participation) ֆիննական փորձը:
Սեմինարի արդյունքում մասնակիցներն ամփոփեցին արդյունքները և ներկայացրեցին յուրաքանչյուր երկրի և նախաձեռնության հետագա աշխատանքների առաջարկություններ:

Հայաստանում մշակվել է «Էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը» և դրա գործողությունների ծրագիրը, որն իրականացվել է 2010-2012թթ ընթացքում: Հայեցակարգի շրջանակներում զարգացել է e-gov.am կայքը, որը նպատակ է հետապնդում ապահովել տեղեկատվության հասանելիությունը, սակայն դեռևս էլեկտրոնային բաց կառավարման ընդհանուր սկզբունքներն ամբողջությամբ Հայաստանում չեն իրականացվում:

Հայաստանն անդամակցել է նաև Բաց կառավարման գործընկերությանը, մշակել և իրականացրել 2012-2013թթ. Գործողությունների ծրագիր և պատրաստել նաև 2014-2016թթ. Գործողությունների ծրագրի նախագիծ: Այնուամենայնիվ, դեռևս բավականին ջանքեր է անհրաժեշտ ներդնել Հայաստանում բաց կառավարման, էլեկտրոնային ժողովրդավարության(e-democracy), էլեկտրոնային մասնակցության (e-participation) արդյունավետ գործարկման համար:

Արևելյան գործընկերության անդամ երկներում իրականացված հետազոտության արդյունքները պատրաստվում է ներկայացվել անդամ երկների շահագրգիռ կառույցներին` պետական կառավարման և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, վերջիններիս կողմից դիտարկումների և առաջարկությունների համար: Ներկայացված զեկույցի վերջնական արդյունքների հիման վրա որոշվելու է յուրաքանչյուր երկրում զարգացման առաջնահերթությունը, որի համար կազմակերպիչներն ակնկալում են աջակցություն ստանալ Եվրոպական Միությունից:

Բոլոր այն շահագրգիռ անձինք և կառույցները, որոնք ներգրավված են Հայաստանում նշված համակարգերի զարգացման համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ նախաձեռնությունը համատեղ շարունակելու նպատակով կարող են դիմել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանին: