«Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց

2013 թվականի հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքում տեղակայված Նուբարաշենի զորամասում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները զինված ուժերում» հերթական դասընթացը:

Դասընթացին մասնակցում էր ավելի քան վաթսուն մարդ` զինծառայողներ, ինչպես նաև սպայական և հրամանատարական անձնակազմ: Դասընթացի փորձագետներ Արտակ Զեյնալյանը և Տիգրան Սաֆարյանը ներկայացրեցինմարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերը, զինծառայողների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները:

Դասընթացի ընթացքում կիրառվեցին ստեղծագործական, ինտերակտիվ դասավանդման մեթոդներ՝ գործնական աշխատանքներ խմբերում և թիմային խաղեր, իրական դեպքերի վերլուծություն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ «Մարդու իրավունքների կրթություն ՀՀ զինված ուժերում» ծրագիր շրջանակներում շարունակում է «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները» խորագրով դասընթացների շարքը: Ծրագրի շրջանակներում դասընթացներին մասնակցել են ռազմական ինստիտուտների կուրսանտներ, ավագ և կրտսեր հրամանատարական կազմը, խաղաղապահ զորքերում ծառայողները, ինչպես նաև զինվորական գործերի նախնական քննության իրականացման համար պատասխանատու իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ոչ միայն մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերի ներկայացումը, այլև` զինված ուժերի անձնակազմի պարտականությունների պարզաբանումը այդ նորմերի իրացման գործընթացում: