Հայաստանում ազատազրկված կանանց պաշտպանության արդյունավետության բարձրացում

2013թ հոկտեմբերի 15-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Հայաստանի և Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության Մատրա ծրագրի ֆինանսական աջակցությամբ աջակցությամբ սկսել է իրականացնել նոր ծրագիր` ուղղված Հայաստանում ազատազրկված կանանց պաշտպանության արդյունավետության բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էՄԱԿ-ի 65/229 բանաձևին համապատասխան օրենսդրական բարեփոխումների, և դրանց կիրառելիությունն ապահովող Միջազգային Բանտային Ռեֆորմի (Penal Reform International) ուղեցույցերի հիման վրա մոնիթորինգի նոր չափանիշների մշակել ու ներդնել:

Ծրագրի արդյունքում կուսումնասիրվեն նաև կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժների կիրառման օրենսդրական և պրակտիկ հիմքերը:

Ծրագրի հիմքում ընկած է Հայաստանում ազատազրկված կանանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի վերաբերյալ օրենսդրական և պրակտիկ չափանիշների բացակայությունը:

Նախատեսվում է մոնիթորինգի միջոցով բացահայտել Հայաստանում ազատազրկված կանանց նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների պրակտիկան, դրա արդյունքների հիման վրա մշակել մոնիթորինգի նոր չափանիշներ, մեթոդաբանություն և մոնիթորինգի ուղեցույց, իրականացնել ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում անցկացնող Դիտորդական խմբի անդամների վերապատրաստում:

Միաժամանակ, ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համեմատական վերլուծության միջոցով կմշակվեն օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ: Իրավասու պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում դրանք կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև կանանց ներգրավմամբ դատական գործերի մոնիթորինգ, որի նպատակն է՝ ուսումնասիրել կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան և նպաստել դրա փոփոխությանը: