«ՀՀ արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» ծրագիր

Եվրոպայի, եվրոպական արժեքների, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների մասին խոսվում է գրեթե ամեն օր, այս արժեքներն ու չափանիշները գովաբանվում են, քննադատվում, սակայն դրանց վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմել հաճախ դժվարանում են անգամ համապատասխան մասնագիտական կրթություն ստացած անձինք:

Եվրոպական Միություն-Հայաստան ինտեգրման գործընթացներին արդյունավետորեն անցնելու համար թերևս անհրաժեշտ է նախապես ստեղծել որոշակի նախադրյալներ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է իր ուրույն մասնակցությունը ունենալ նման նախադրյալների ստեղծման գործում: Բարեփոխումների իրագործման ճանապարհին ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ի հետ, տարբեր բնագավառներում անցկացվող բարեփոխումների իրականացման համար ստանում է խորհրդատվություն: Հատկապես առանցքային է արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները, որի ժամանակ ՀՀ-ն բավական մեծ հետևողականությամբ ներդնում է եվրոպական փորձը՝ օգտագործելով եվրոպական նախանշված ուղենիշները ՀՀ օրենսդրության մեջ: Բացի այս, ՀՀ օրենսդրական դաշտը եվրոպական փորձագետների կողմից մշտադիտարկման է ենթարկվում:

Կազմակերպությունը 2013 թվականի հունվարից ԵՄ Հայաստանյան պատվիրակություն աջակցությամբ սկսել է «ՀՀ արդարադատության համակարգի հզորացում՝` ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» ծրագիրը:

Նախագծի հիմնական նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության իրավունքի և Արդարադատության եվրոպական դատարանի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը և դրանց ընթացքի մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Նախագծի հիմնական բաղադրիչներ են ԵՄ հանձնարարականների կատարմանը նպաստելը, ուսուցումը, իրազեկումը:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել բանավեճերի շարք, որոնց նպատակն է ստեղծել յուրօրինակ պլատֆորմ ԵՄ-Հայաստան գործընթացները քննարկելու, ԵՄ հանձնարարականների ընդունման գործընթացի առկա իրավիճակը հասկանալու, գործընթացի առաջխաղացմանը խոչընդոտող գործոնները գնահատելու համար: Բանավեճ-զրույցները տեսագրվելու են և տարածվելու տեղեկատվության տարբեր ալիքներով, ինչը հնարավորություն կտա բանավեճի ընթացքում արծարծված խնդիրները հասարակության անդամների քննարկմանը ներկայացնել, դրդել նրանց մտորելու բանավեճի հարցերի վերաբերյալ և ինքնուրույն գնահատել ինտեգրման գործընթացները, ինչպես նաև՝ պարզապես լինել իրազեկված:

Նախագծի ընթացքում նախատեսվում է ջատագովություն, որի նպատակն է խթանել երկխոսությունը քաղաքացիական հասարակության և ԵՄ-Հայաստան ինտեգրման գործընթացներում որոշում կայացնողների միջև: Ջատագովությունը հատկապես ուղղված կլինի ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը, ԵՄ մարդու իրավունքների չափանիշների՝ ՀՀ իրավական համակարգում կիրարկմանը նպաստելուն:

Ծրագիրը հարուստ է իր ուսուցանման բաղադրիչով, դրա շրջանակներում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում: Դրանցից մեկն է աշխատաժողովների շարքի կազմակերպումը դատավորների, դատախազների, փաստաբանների ու իրավաբանության ֆակուլտետի դասախոսների համար՝ Արդարադատության Եվրոպական դատարանի և դրա նախադեպային իրավունքի, ԵՄ մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ:

Նախագծի ուսուցման բաղադրիչի մեկ այլ խոշոր միջոցառում է ԵՄ իրավունքի և Արդարադատության եվրոպական դատարանի վերաբերյալ կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների ծրագրի մշակումը: Այս գործողությունն առավելագույն արդյունքի հասցնելու համար Ծրագրի թիմը պատրաստվում է ակտիվորեն համագործակցել իրավաբանական կրթություն առաջարկող ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երի դասախոսների և վարչակազմի հետ, ներգրավվել վերջիններիս փորձնական դասընթացի ծրագրի ու մեթոդաբանության մշակման գործընթացում: Ծրագրի թիմը ջանքեր է գործադրելու նաև իրավաբանություն ուսումնասիրող ուսանողների շրջանում Արդարադատության եվրոպական դատարանի վերաբերյալ դասընթացի և նման կրթությանը համապատասխանող հետագա կարիերայի հեռանկարների հանդեպ հետաքրքրություն ստեղծելու ուղղությամբ:

Ուսանողների շրջանում ԵՄ-ի և ԱԵԴ-ի վերաբերյալ հետաքրքրություն ձևավորելու նպատակով նախատեսվում է անցկացնել էսսեների մրցույթ: Մրցույթում հաղթած անձինք կարժանանան մրցանակների և կներգրավվեն Ծրագրի հետագա միջոցառումներում:

Արդարադատության Եվրոպական դատարանի մոդելային դատախաղը Արդարադատության Եվրոպական Դատարանի և դրա նախադեպային իրավունքի վերաբերյալ գործնական գիտելիքներ փոխանցելու լավագույն միջոցն է: Ծրագրի այս բաղադրիչը ուղղված է իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին: Դատախաղի հաղթող թիմը մասնակցելու է «Բացահայտելով Եվրոպական Արդարադատությունը» (Trip to Justice) ծրագրին և ուղևորվելու է Լյուքսեմբուրգ՝ Արդարադատության Եվրոպական դատարան:

Ծրագրի իրազեկվածության բարձրացման գործընթացները ամբողջականացնում է իրազեկման արշավը, որի ընթացքում տեղեկատվական տարբեր նյութերի տարածման ու համագործակցության ցանցերի զարգացման միջոցով նախատեսվում է բարձրացնել ծրագրի թիրախ խմբերի և լայն հասարակության իրազեկվածությունը վերը նշված բոլոր հարցերի ու խնդիրների շուրջ:

 

Leave a Reply