ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում

ԻՊԱՍ-ն 2011թ. օգոստոս-նոյեմբեր և 2012թ. փետրվար-մայիս ամիսներին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է «ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում» ծրագիրը:

Զինված ուժերում առկա հիմնախնդիրներն ու ռիսկերը (այդ թվում նաև՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված) մեծապես պայմանավորված են բանակի` որպես ամբողջական ինստիտուտի առանձնահատկություններով: Դրանք են՝ անհատի կյանքի բոլոր ասպեկտների մեկտեղումն ու դրանց նկատմամբ համապարփակ վերահսկողության ձգտող աստիճանակարգային համակարգը, արտաքին և ներքին միջավայրերի խիստ տարաբաժանումը, պատիժների և խրախուսանքների կանոնադրական համակարգը, անձնական կյանքի, ազատ տեղաշարժման և այլ էական իրավունքների սահմանափակումները և այլն:

Մյուս կողմից, զինված ուժերի հիմնախնդիրների կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված գործողություններն անարդյունավետ են մի շարք պատճառներով:

Դրանցից առաջինն անհրաժեշտ տեղեկատվության պակասն է: Բանակը, որպես ամբողջական ինստիտուտ, ենթադրում է իր անդամների այնպիսի վերահսկողություն, որ վերջիններս խուսափում են խոսել առկա հիմնախնդիրների մասին: Տարբեր դիտորդական առաքելությունների կողմից զորամասեր կատարվող պարբերական այցելությունները ևս չեն կարող լիարժեք տեղեկատվություն ապահովել զինծառայողների իրավունքների խախտման հնարավոր դեպքերի վերաբերյալ:

Մյուս կարևոր խնդիրը զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների անընդհատության ապահովումն է, քանի որ կասկածելի է կարճաժամկետ և իրավիճակային միջամտության արդյունավետությունը: Առանձին դեպքերի կապակցությամբ մեկանգամյա միջամտությունն անկարող է ապահովել հնարավոր ռիսկերի համակարգային կառավարումը՝ կանխարգելումն ու հաղթահարումը: Իրավունքների պաշտպանության միայն շարունակական և համակարգված գործունեությունն է, որ իրական արդյունքների երաշխիք է տալիս:

Նշված սահմանափակումների հաղթահարման համար շատ կարևոր է բնագավառի հիմնական դերակատարների՝ թե միմյանց գործունեության, թե այլ ռեսուրսների վերաբերյալ իրազեկվածությունը: Իրականացվող ծրագրերի բարձր արդյունավետություն կարելի է ակնկալել միայն բնագավառի վերաբերյալ հնարավորինս ամբողջական տեղեկատվական հենքի առկայության պայմաններում:

Ծրագրի նպատակն էր կազմակերպությունների և ռեսուրսների քարտեզագրման միջոցով նպաստել տարբեր սուբյեկտների համագործակցության զարգացմանն ու բարձրացնել իրականացվող գործողությունների արդյունավետությունը: ՀՀ զինված ուժերին վերաբերող օրենսդրական դաշտի հետազոտության միջոցով վեր են հանվել զինված ուժերի օգտագործման իրավական հիմքերը, զինված ուժերի համալրման կարգը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի պատասխանատու մարմինները և դրանց գործառույթները, զորակոչիկների բժշկական փորձաքննության անցկացման կարգը, պարտադիր զնվորական ծառայությունից ազատելու հիմքերը, զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, նրանց սոցիալական պաշտպանությունը, զինված ուժերում իրականացվող սոցիալական աշխատանքը:

Հատուկ ուշադրություն է դարձվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը: Հետազոտության արդյունքում իրականացվել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող մարմինների քարտեզագրում և ամփոփվել են ՀՀ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող պետական կառույցների իրավասությունները, հասարակական կազմակերպությունների գործունեությունը և առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները:

Վերլուծության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական մեխանիզմները և պետական մարմինների գործառույթներն ու իրավասության շրջանակը: Ամփոփվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչին վերաբերող ներպետական օրենսդրությունը, զորակոչի համար պատասխանատու մարմինների իրավասությունը, զորակոչիկների իրավունքներն ու պարտականությունները: