«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ պատմություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը (Կազմակերպություն) հիմնադրվել է 2009 թվականին:
Այն շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ամրապնդել իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքները Հայաստանում:
Կազմակերպությունը հիմնականում մասնագիտացված է իրավունքի գերակայության, դատաիրավական ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում:
Կազմակերպությունն օժտված է մարդու իրավունքների մոնիթորինգի, մարդու իրավունքների խախտումների փաստագրման, ոլորտային գնահատումների, հետազոտությունների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պրակտիկ պաշտպանության կարողություններով և փորձով:
Կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է մարդու իրավունքների, արդարադատության, արդյունավետ կառավարման, անվտանգության ոլորտների վերաբերյալ քաղաքականությունների մշակման գործընթացին: Ինչպես նաև ներկայացնում է այլընտրանքային կարծիքներ և դիտարկումներ մարդու իրավունքներին առնչվող օրենքի նախագծերի վերաբերյալ:
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցները, կարծիքներն ու գնահատականներն ընդունված են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից (Եվրոպայի խորհուրդ, Վենետիկի հանձնաժողով, ԱՄՆ պետդեպարտամենտ) և օգտագործվում են որպես վստահելի տեղեկատվության աղբյուր:
Կազմակերպությունը հաջողությամբ իրականացրել է երկարաժամկետ և համակարգված դատական թեմատիկ մոնիթորինգներ, ինպիսիք են՝ վարչական արդարադատությունը, զինվորական հանցագործությունները և այլն, ինչպես նաև դատարանների գործունեության գնահատում:
Կազմակերպությունն իրականացրել է թեմատիկ հետազոտություններ՝ հոգեկան առողջության, Հայատաստանում պրոբացիոն համակարգի, քրեակատարողական համակարգի խնդիրների, երեխաների իրավունքների պաշտպանության, պատիժը կրելիս պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունների և այլ ոլորտների առնչությամբ:
Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել մարդու իրավունքների կրթության ուղղությամբ՝ զինված ուժերի սպայական և հրամանատարական անձնակազմի, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար, դատավորների, դատախազների և իրավաբանների համար:
2013 թվականից սկսած՝ կազմակերպությունը տրամադրում է մարդու իրավունքների խախտումների առնչությամբ անվճար իրավական խորհրդատվություն:
Միայն վերջին երեք տարիների ընթացքում ԻՊԱՍ-ը վարել է ավելի քան 800 գործեր, որոնց հիման վրա իրականացարել է դատական ներկայացուցչություն՝ օգտագործելով շահերի պաշտպանության այլ մեխանիզմներ և այդ աշխատանքներն արդյունավետորեն շարունակվում են ներկայումս:
2009 թվականից սկսած՝ ԻՊԱՍ-ը փաստագրելով և համակարգելով մարդու իրավունքների խախտումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել մոտ 70 գործեր, որոնց թվում են՝
- 2015թ.-ի հունիսի 23-ին Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացվող «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ ոստիկանության բռնի գործողություններից տուժած քաղաքացիների 7 գանգատները: Գանգատներից 5-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները:
- 2016թ.-ի հուլիսի 17-ից Երևանում հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների 32 գանգատները: Գանգատներից 28-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները:
- 2018 թ.-ի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 23-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների գործողություններից տուժած քաղաքացիների 19 գանգատները: Գանգատներից 12-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները:
- Երեխաների իրավունքների ցանց
- Բաց կառավարման գործընկերություն
- Բաց հասարակություն գործընկերություն
- ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր հանրային խումբ (մինչև 2016 թվականը)
- Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբ
- Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ
- Քաղաքացիական համերաշխության պլատֆորմ
Կազմակերպության կողմից 2009–2019թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ հակիրճ ինֆորմացիային կարող եք ծանոթանալ ստորև.