Քաղհասարակությունը Ադրբեջանում հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներ

Նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի մոնիթորինգային զեկույցի պատրաստման շրջանակներում:  

Զեկույցները հեղինակել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության երկարամյա քաղաքականության վրա, այդ թվում՝ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գեներացվող ատելության քարոզն ու կոչերը, ատելության հիմքով հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունները ինչպես զինված ընդհարման համատեքստում, այնպես էլ խաղաղ պայմաններում և անպատժելիության և հերոսացման մթնոլորտը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և ինքնության խեղաթյուրումը և այլն։ 

Հայաստանյան քաղաքացիական միջազգային կառույցներին կոչ է արել իրենց մանդատների շրջանակում պահանջել Արդբեջանի իշխանություններից. 

  • Վերջ դնել հայերի դեմ ռասայական ատելություն հրահրող խոսույթին, այդ թվում՝ հանրային բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Դատապարտել և հետաքննել քաղաքական և հանրային գործիչների հայատյաց հայտարարությունները, պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին: 
  • Վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների անպատժելիության քաղաքականությանը: Իրականանցել արդյունավետ և իրական քննություն իրականացնել հայերի դեմ կատարված հանցագործությունների առնչույթամբ, ներառյալ՝ սպանությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված անձանց խոշտանգումները և մահապատիժները և այլ հանցագործությունները, քրեական պատասխանատվության ենթարկել և պատժել մեղավորներին: 
  • Անհապաղ և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել հայերի նկատմամբ խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու և հանդուրժողականությունը խթանելու և հայերի նկատմամբ առկա կարծրատիպերի և նախապաշարմունքների դեմ պայքարելու համար:
  • Ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանքը և արդյունավետ պաշտպանությունը: