Գերությունից վերադարձած զինծառայողները կարճ ժամանակ անց ծառայության վերադառնալով կարող են ռետրավմատիզացիայի ենթարկվել․ ԻՊԱՍ փորձագետ

Նոյեմբերի 8-ին  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» խորագրով «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը։   

Բանախոսների թվում էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը շեշտել է գերությունից վերադարձող զինծառայողների պատշաճ, լիարժեք և երկարատև վերականգնողական բուժման և աջակցության կարևորությունը։ 

Խոսելով հայրենադարձվելուց հետո ծառայությունը շարունակելու խնդրից՝ Մելիքյանը հղում է կատարել միջազգային փորձին՝ նշելով, որ դեպքերի մեծ մասում ծառայությունը շարունակելու որոշման կայացումը թողնվում է գերությունից վերադարձած զինծառայողին։ 

«Սեպտեմբերին այդպիսի կարգավորումներ ենթադրող օրենքի նախագիծ առաջարկվեց Ուկրաինայում, որի համաձայն զինծառայությունը դադարեցնելու կամ մոբիլիզացիաայի ժամանակ չզորակոչվելու հիմք է գերության մեջ գտնված լինելը։ Այս մոտեցման հիմքում այն գիտակցումն է, որ գերության մեջ գտնվելն ինքնին արդեն տրավմա է,  հատկապես, որ լինում են նաև խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու դեպքեր։ Եվ բնականաբար, բացի վերականգնողական բուժում և աջակցություն առաջարկելուց, զինծառայողին հարցնում են՝ արդյո՞ք նա ծառայությունը շարունակելու ցանկության ունի, թե՞՝ ոչ։ Նման փորձ կա նաև ԱՄՆ զինված ուժերում», – մանրամասնել է Ա․ Մելիքյանը։ 

Մելիքյանը նշել է, որ ՀՀ-ի դեպքում վերադարձած ժամկետային զինծառայողները չունեն ծառայությունը շարունակելու մասով ընտրության հնարավորություն, իսկ ծառայության վերադառնալու ժամկետները բավականին սուղ են։ 

«Սա կրկնակի սթրեսի է հանգեցնում։ Եվ շատ հավանական է, որ զինծառայողը ռետրավմատիզացիայի ենթարկվի», – նշել է Ա․ Մելիքյանը։ 

Խնդիրների շարքում ԻՊԱՍ փորձագետը նշել է նաև գերությունից վերադարձած անձանց քրեական հետապնդման ենթարկելու համատեքստում նրան կալանավորելը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Քրեական օրենսգրքում շատ վաղուց սահմանված են մարտադաշտը լքելու, կամովին գերության հանձնվելու հանցակազմը։ 

«Մյուս կողմից՝ խնդրահարույց է զինծառայողների իրազեկվածության պակասը, արդյո՞ք մեր զինծառայողները գիտակցում են, որ իրենց համապատասխան արարքները հանցակազմ են պարունակում, որ դեպքում է գերի հանձնվելը համարվում կամովին, իսկ որ դեպքում՝ մարտի հանգամանքներով հարկադրված լինելու արդյունք», – նշել է Ա․ Մելիքյանը՝ հավելելով, որ այլ երկրներում էլ են գերությունից վերադարձածների հանդեպ ծառայողական քննություններ նշանակվում՝ գերեվարվելու հանգամանքները պարզելու նպատակով։ 

Մանրամասները տեսանյութում։