Վարչական դատարանը բավարարել է հայցվորի նկատմամբ մինչև 18 տարեկանը «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելու մասին հայցը

2022 թվականի հունիսի 28-ի վճռով ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է թիվ ՎԴ/8834/05/21 գործով հայցը, որով հայցվորի շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը:

Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 8-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (Դատավարության ընթացքում որպես երկրորդ պատասխանող է ներգրավվել միասնական սոցիալական ծառայությունը)՝ Բժշկասոցիալական փորձաքննական թիվ 3 բաժնի և Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի վերափորձաքննության բաժնի կողմից կայացված որոշումներն անվավեր ճանաչելու և Հայցվորի նկատմամբ մինչև 18 տարին լրանալը «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին:    

Հայցադիմումով և դատավարության ընթացքում նշվել է, որ հայցվորի նկատմամբ մերժվել է հաշմանդամության սահմանումը, չնայած այն հանգամանքին, որ վերջինս ունի շաքարային դիաբետ, տիպ 1, միջին ծանրության ախտորոշումը (ինչը հաստատվում է վերջինիս էպիկրիզով և այլ բժշակական փաստաթղթերով): Նշվել է նաև, որ ՀՀ կառավարության թիվ 780-Ն որոշմամբ հստակ սահմանված են այն կատեգորիաները, որոնց դեպքում նշանակվում է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ մինչև 18 տարի ժամկետով, ուստի Կառավարության նշված որոշման դրույթները դիաբետ 1-ին խումբ ունեցող երեխաների նկատմամբ կիրառելի են ուղղակիորեն:

Նշվել է նաև, որ ծառայությունը դրսևորել է կամայական և ոչ միանման մոտեցում՝ հայցվորի հետ նույնական ախտորոշումն ունեցող անձանց նկատմամբ միևնույն ժամանակահատվածում սահմանելով հաշմանդամ երեխա կարգավիճակ: Այս պայմաններում Հայցվորի հետ նման կարգավիճակ ունեցող այլ անձանց նկատմամբ մինչև 18 տարին լրանալը «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանումը հայցվորի մոտ ստեղծել է օրինական ակնկալիք, որ երաշխավորվող իրավունքը իրեն ևս կտրամադրվի ողջ ծավալով՝ առանց անհարկի ձգձգումների և ոչ անհրաժեշտ պարբերական դիմումների, այդ թվում՝ պահպանելով երեխայի լավագույն շահի սկզբունքը:

Պատասխանող Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները ամբողջությամբ առարկել են հայցի դեմ:

Դատարանը վճռով բավարարել է հայցն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության՝ անվավեր է ճանաչել վկայակոչված որոշումները և պարտավորեցրել է Միասնական սոցիալական ծառայությանը հայցվորի նկատմամբ սահմանել մինչև 18 տարին լրանալը «հաշմանդամ երեխա» կարգավիճակ:

Դատարանը հաստատել է, որ հայցվորի մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների, ինչը ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 780-Ն որոշման Հավելված 4-ի 18-րդ կետով նախատեսված հիմք է հայցվորին մինչև 18 լրանալը «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելու համար:

Հատկանշական է, որ դատավարության ընթացքում Ծառայության ներկայացուցիչը նշել է. Որ երեխայի մոտ պետք է նաև լիներ որևէ ֆունկցիայի խանգարում, որը չի եղել ոչ էպիկրիզով, ոչ էլ օբյեկտիվ զննման ժամանակ: Դատարանը վկայակոչել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելու համար ՀՀ կառավարության 13.06.2003թ. թիվ 780-Ն որոշման Հավելված 4-ի 18-րդ կետը, որով նախատեսված է Շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, … առանց բարդությունների:

Ծառայության ներկայացուցիչ բժիշկ-փորձագետը հայցվորի էպիկրիզի վերաբերյալ նշել է նաև, որ նշված խնդիրները հայցվորին «հաշմանդամ երեխա» ճանաչելու հիմք չեն, ծնողները կարող են վերահսկել ինսուլին ստացող երեխաներին:

Դատարանը, հիմնվելով հայցվոր կողմի ներկայացրած լրացուցիչ բժշկական փաստաթղթերի վրա, հաստատել է, որ շաքարային դիաբետի թեթև ընթացքի մասին խոսք լինել չի կարող, այն համապատասխանում միջին ծանրությանը (առկա է եղել նաև երեխայի հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն նրա ծանր վիճակով պայմանավորված), և հերքվում է պատասխանողի ներկայացուցչի այն դիրքորոշումը, որ կոնկրետ այս դեպքում ծնողը կարող է վերահսկել երեխայի վիճակը: