Բաքուն չի կատարում Կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները հայերի նկատմամբ

Lragir.am-ի զրուցակիցն է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը

Տիկին Մելքոնյան, քաղհասարակության ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Ի՞նչ փաստեր են ներկայացվել մասնավորապես, ավելի ակնհայտ խախտումներին կխնդրեինք անդրադառնալ։

ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության,  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից այլընտրանքային զեկույց է ներկայացվել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ: Առաջիկայում Կոմիտեն քննարկելու է Ադրբեջանի պարբերական զեկույցը և Կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարումը:

Մեր կողմից Կոմիտեին ներկայացվել են Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականության դրսևորումներ և Կոնվենցիայի խախտումների մասին փաստեր։ Այդ թվում են հանրային և քաղաքական գործիչների, այդ թվում՝ երկրի նախագահի մակարդակով հայերի նկատմամբ վիրավորական և ռասիստական խոսույթը, հայազգի քաղաքացիական անձանց և զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունները՝ սպանությունները, այդ թվում՝ գլխատումների դեպքերը, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնելու դեպքերը, ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ 2016թ. քառօրյա պատերազմի, 2020թ. քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից, քաղաքացիական բնակչության անխտրական ռմբակոծությունները՝ պատճառելով մահեր, ադրեջանական զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունները, խոշտանգումները, նվաստացումները:

Խտրականության և ատելության հիմքով կատարված այս բոլոր հանցագործությունների համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հակառակը, հայազգի անձանց նկատմամբ հանցագործություններ կատարած անձինք հերոսացվել են պետական մակարդակով, խրախուսվել իրենց հանցագործությունների համար, դարձել օրինակելի կերպար: Զեկույցում ներկայացվել է նաև հետպատերազմական Արցախում տեղի ունեցող դեպքերը, խաղաղ քաղաքացիական բնակչության սպանությունները և վիրավորումները, մարդասիրական ճգնաժամի և բնակչության նկատմամբ հոգեբանական ահաբեկչության քաղաքականությունը, որը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել Արցախը: Ներկայացրել ենք նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումները և վնասումները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության և պատմության խեղաթյուրման քաղաքականությունը՝ որպես Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորում:

Ի՞նչ լծակներ ու մեխանիզմներ ունի այս Կոմիտեն՝ ազդելու Ադրբեջանի գործողությունների վրա, կասեցնելու այդ գործողությունները։ Օրինակ՝ ներկա փուլում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործողությունները շարունակվում են։

Կոմիտեն կարող է իր եզրափակիչ դիտարկումների վերաբերյալ զեկույցում արձանագրել Ադրբեջանի հայատյաց և խտրական քաղաքականության բացառման, խտրականության և ատելության վրա հիմնված հանցագործությունների դեմ պայքարի և պատասխանատվության ենթարկելու պարտավորությունների խախտումները, պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման և վնասման դեպքերը, և պարտավորեցնել Ադրբեջանին կատարել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Ճիշտ է, Կոմիտեն լծակներ չունի իր առաջարկությունները չկատարելու համար պետություններին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն Կոմիտեի զեկույցն ու դրանով խախտումների արձանագրումներն արդեն իսկ մարդու իրավունքների միջազգային մարմնի հեղինակավոր գնահատական և դիրքորոշում է, որը չի կարող անտեսվել: Ավելին, այդ գնահատականը կիրառելի է նաև այլ, այդ թվում՝ դատական ատյաններում:

Կոմիտեին առաջարկվում է դատապարտել և հետաքննել Բաքվի քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այս պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը կխնդրեինք մանրամասնել։

Ինչպես արդեն նշեցի, Կոմիտեն գնահատում է պետության կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչը ենթադրում է պետության կողմից ներպետական մակարդակում մեխանիզմների ներդրում, արդյունավետ քննության ապահովում և մեղավորներին պատասխանատվության ենթարկում: Մեր կողմից ներկայացված զեկույցում ներառված փաստերը և դեպքերը հիմնավորում են, որ Ադրբեջանը չի կատարում Կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները հայերի նկատմամբ, այդ թվում՝ չի կանխում, չի քննում և պատասխանատվության չի ենթարկում ատելության և խտրականության հիման վրա հայազգի անձանց նկատմամբ կատարված հանցագործությունները, խրախուսում է այդ հանցագործությունները և հերոսացնում հանցագործներին պետական ամենաբարձր մակարդակով: Սրանք Ադրբեջանի պետական հայատյաց ռասիստական քաղաքականության հիմնավորումներն են, այդ թվում՝ երկրի առաջին դեմքի մակարդակով են հնչում հայերի նկատմամբ վիրավորական և նսեմացուցիչ արտահայտություններ, հերոսացվում և խրոխուսվում հանցագործությունները և անպատժելիությունը:

Ընդհանրապես, պատերազմից հետո շատ է քննարկվել այն հարցը, որ հայկական կողմը լիարժեք չի օգտագործում միջազգային մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հարցով։ Օրինակ՝ խաղաղ բանկչության դեմ արգելված ֆոսֆորային զենքի կիրառման, ցեղասպանական բնույթի գործողությունների, ագրեսիայի հարցերը պետական մակարդակով պատշաճ բարձրացվո՞ւմ են, ի՞նչ բացթողումներ եք նկատում։

Հայաստանի Հանրապետությունը մի քանի իրավական մեխանիզմներ արդեն իսկ կիրառում է Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Դրանցից են, օրինակ, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանում հայցը: Իհարկե, այլ իրավական մեխանիզմներ ևս կարելի է օգտագործել Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ նախաձեռնելու և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու հարցում, այդ թվում, օրինակ, Վարձկանների հավաքման, օգտագործման, ֆինանսավորման դեմ միջազգային կոնվենցիան և այլն:

Աղբյուրը՝ lragir.am