ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.ՀԱՏԻՍ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՒ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։

Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Հետաքննող լրագրողների կողմից օրերս իրականացված ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է դարձել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ տարածքը գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը[1]։

2022 թվականի հուլիսի 14-ին հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում, էլեկտրալարերի սյուներ տեղադրվում[2]։ Ըստ տեղեկության՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի գյուղերից դեպի Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհներ են կառուցվում։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝Հատիս լեռան ճանապարհին արդեն իսկ տեղադրվել են դարպասներ, որոնք թույլ չեն տալիս կողմնակի անձանց հատել դարպասներն ու բարձրանալ լեռը[3]։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի՝ «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ»:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:

Հոդված 24-ի բ ենթակետը սահմանում է հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու անհրաժեշտությունը։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ին ընդունված որոշման 33-րդ կետի՝ Հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում են հուշարձանի նպատակային օգտագործմանը չհամապատասխանող շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարումը, ինչպես նաև տնտեսական ու արտադրական գործունեությունը: Այդ տարածքում կարող են կատարվել միայն հուշարձանի ուսումնասիրման, պահպանման, թանգարանացման և ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հուշարձանի նպատակային օգտագործմանը նպաստող վերականգնողական և նորոգման աշխատանքներ: Սույն որոշման 42-րդ կետի համաձայն «Հուշարձաններ ընդգրկող տարածքներում շինարարական, ճանապարհաշինարարական, երկրաբանական և այլ աշխատանքների նախագծերը լիազորված մարմնի հետ համաձայնեցվում են նոր շինարարության նախագծման ու տեխնիկատնտեսական հիմնավորման առաջադրանքի մշակման նախապատրաստման փուլում»:

2008 թվականից ի վեր Հատիսը ճանաչված է որպես բնության հուշարձան[4]։ :

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ բնության հուշարձանը «գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ» է: Ըստ նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ՝ «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը[5]»։

Ավելին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է շրջակա միավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը եւ նախատեսվող գործունեության տեսակները։ Նույն հոդվածի 8-րդ մասը նախատեսում է, որ փորձաքննության ենթակա են նաև այդ հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեության տեսակները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։

Այսինքն, մինչ Կառավարության կողմից նախնական թույլտվություն տալը, ծրագրի հեղինակները պարտավոր էին իրականացնել օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննությունը, քանի որ քննարկող տարածքը ինչպես ներկայացվեց, համարվում է հատուկ պահպանության ենթակա բնության հուշարձան[6]։

Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման եւ նշված տարածքների օտարման առնչությամբ ակնհայտ են առնվազն հետևյալ խնդիրները՝

 – Հանրային նշանակության եւ մշակութային հուշարձան հանդիսացող տարածքը մասնավոր անձի օտարելը լի է կոռուպցիոն ռիսկերով, և հերթական անգամ վեր է հանում ՀՀ իշխանությունների անհետևողական, ոչ թափանցիկ գործունեությունը, ինչը մեծացնում է իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը։

– ՀՀ իշխանությունները, ի դեմս Կառավարության, խախտում են ՀՀ մշակութային ժառանգության պահպանության օրենսդրությունը։ Մինչդեռ Կառավարությունը առաջնային պատասխանատվություն է կրում հետևել ՀՀ օրենսդրությանն ու հետևողական լինել մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությանը։

– ՀՀ իշխանությունները եւ արձանի կառուցման հեղինակները կոպտորեն խախտում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի պահանջները։

–  Հանրային նշանակության և նման կարևորության հարցի առնչությամբ ակնկալվում էր հանրային լսումների անցկացում, որը անտեսվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Մինչդեռ նման լսումները կարող էին օբյեկտիվ քննության առարկա դարձնել ինչպես արձանի կառուցման նպատակային նշանակության և անհրաժեշտության, այնպես էլ անօրինական կերպով մշակութային հուշարձանը օտարելու հետ կապված մի շարք հարցեր։

Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, հարցի առնչությամբ տիրող հանրային բողոքն ու ակնհայտ անօրինականությունները՝

Պահանջում ենք՝

  • Անհապաղ դադարեցնել Հատիս լեռան վրա եւ տարածքում ցանկացած շինարարական աշխատանքի իրականացում,
  • Չեղարկել Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման Կառավարության նախնական համաձայնությունը,
  • Իրականացնել հանրային լսումներ արձանի կառուցման նպատակային նշանակության եւ անհրաժեշտության վերաբերյալ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ,
  • Իրականացնել քննություն Հատիս լեռան գագաթի օտարման ու սեփականաշնորհման օրինականության ստուգման նպատակով, ինչպես նաև ուսումնասիրել Հատիս լեռան վրա ապօրինի շինարարական աշխատանքների կատարումն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»ՀԿ

Երևանի Մամուլի Ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Գորիսի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ


[1] https://hetq.am/hy/article/146397?fbclid=IwAR07zUSYHoykQUbYbWLgq1MWUllKHBfd3YX1-BjF1aT9hDygDTfJAcoNTHw

[2]https://hetq.am/hy/article/146536?fbclid=IwAR3N7JPLLI3JoQtT0MAlwctIIrF42cwZ7ZGA-TyR9oKR4W3Cxbqo0-jwsBk

[3]https://www.facebook.com/abul.ashghyan/posts/pfbid04inB63ooxtJiJizS6cJgxtjXUG9qN29me2vVTwSoA7pC1UXhVUuo7yVgCaiemZQBl

[4]https://www.arlis.am/documentview.aspx?docid=93314&fbclid=IwAR0PcbS-qV6ub7Kb9ZLTaEVIi3sNt_FgVKJgRpJrtFMxoqiMNEXpjiRWhH4

[5]https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=29624&fbclid=IwAR2Ig98Y5JuJ4n9eAe95Ln-VzlOSLNDXXljVP0qcP93v1IfDY8g6gVmzSog

[6] https://www.hetq.am/hy/article/146456?fbclid=IwAR2k-KjIrk-UT9GHOh58InGUQ7mSAe5riXHskBZZ9gQdrgUKORgW8iwD0ec