Կարծիք.ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կարծիք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության նախագծի վերաբերյալ:

Չնայած նախագծի առաջին տարբերակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների կողմից ներկայացված դիտարկումներին և առաջարկություններին՝ դրանք ամբողջությամբ հաշվի չեն առնվել և չեն ներառվել վերանայված Նախագծում, այդ թվում՝ ռազմավարության ընդունումը կառավարության որոշմամբ՝ բացառելով Ազգային ժողովի կողմից դրա հաստատման մեխանիզմի կիրառումը, ռազմավարության գործողությունների կատարումն ու դրանց արդյունավետությունը գնահատելու հստակ ցուցիչների բացակայությունը, փաստահավաք հանձնաժողովի ստեղծման ժամկետի ուշացումը, դրա մանդատի, անկախության, հաշվետվողականության և ներկայացուցչականության երաշխիքների բացերը, նախորդ ռազմավարության մեջ ներառված կարևորագույն ռազմավարական նպատակների և ուղղությունների դուրս մնալը առանց որևէ հիմնավորման, ինչպիսիք են՝ դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը, վարչական մարմինների գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնման, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, դատական տեղեկատվական համակարգի բարելավմանն ուղղված և այլ առաջարկությունները:

Հետևաբար, նախագծի նախորդ տարբերակի վերաբերյալ արված դիտարկումերը և առաջարկությունները շարունակում են մնալ արդիական: Ավելին, հանրային քննարկման ներկայացված վերանայված նախագծում չնայած ավելացվել են որոշ ռազմավարական ուղղություններ և գործողություններ, սակայն դրանք բավարար չեն և հանդիսանում են հետընթաց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թվականների ռազմավարությունից և դրա գործողությունների ծրագրից:

Կարծիք.ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ ռազմավարության վերաբերյալ