Զեկույց. Դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերը

Սույն հետազոտությունը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դատախազական համակարգի ուսումնասիրության մաս է, որը առավելապես կենտրոնանում է դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերի վրա։

Առանձին ուսումնասիրության առարկա են դարձել դատախազների կարգապահական պատասխանատվության հիմքերն ու դրանց օրենսդրական ամրագրումը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ներգրավված մարմիններն ու պատասխանատվության ենթարկելու իրավասու մարմինները, պատասխանատվության միջոցներն ու դատախազների իրավունքները վարույթի շրջանակներում։

Սույն հարցերը դիտարկվել եւ ուսումնասիրվել են միջազգային չափանիշների ու առանձին երկրների լավագույն փորձի հետ համեմատության մեջ՝ վեր հանելով ՀՀ օրենսդրության կարգավորումների բացթողումներն ու խնդրահարույց կետերը։ Նման ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը թույլ է տվել վեր հանված խնդիրների հիման վրա ներկայացնել նաեւ փոփոխություններին ուղղված առաջարկություններ։

Առավել խորքային հետազոտության համար կազմակերպության կողմից փորձ է արվել ուսումնասիրվել դատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները, որոնք սակայն հրապարակային չեն։ Ինչը թափանցիկության եւ հրապարակայնության տեսանկյունից արդեն իսկ խնդիր է։ Կազմակերպությունը որոշումները ստանալու համար դիմել է ՀՀ Գլխավոր դատախազությանը, սակայն տրամադրվել են միայն թվային տվյալներ ու ընդհանուր տեղեկություններ հարուցված վարույթների վերաբերյալ, ինչը բավարար չէր կարող լինել խորքային ուսումնասիրություն իրականացնելու համար։

Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Գլխավոր դատախազության համակարգում միջազգային ստանդարտների ամրապնդում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ։

Զեկույց. Դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերը