Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ ներկայացուցչի հայցադիմումն ու ոչ իրավաչափ ճանաչել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունները

2022թ․ մայիսի 10-ին ՀՀ վարչական դատարանը կրկին կայացրել է վճիռ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բավարարելու մասին։

Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը վճիռ էր կայացրել  վարչական գործով բերված հայցադիմումը բավարարելու մասին: Այն հիմքով, որ  2017թ. ապրիլի 2-ին, «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը՝ որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։

Նշված վճռի դեմ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք։

Վերաքննիչ վարչական դատարանի 21.10.2020 թվականի որոշմամբ վարչական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Վարչական դատարանը կրկին բավարարել է հայցը, արձանագրելով, որ վարչական մարմնի գործողությունների արդյունքում սահմանափակվել են ՀՀ արդարադատության նախարարի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամների լիազորությունները:

Դատարանը նշել է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամի թիվ 22 վկայականի` Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է հասարակական դիտորդական խմբի անդամ, որն էլ համաձայն ՀՀ  արդարադատության նախարարի 18.11.2005 թվականի թիվ ՔՀ-66-Ն հրամանի կարող է ցանկացած օր (այդ թվում` ոչ աշխատանքային օր) այցելել քրեակատարողական հիմնարկ նշված հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամի լիազորությունները իրականացնելու նպատակով։

Դատարանը գտել է, որ ՔԿՀ 2017 թվականի ապրիլի 2-ին Հ․Հարությունյանին Երևան Կենտրոն ՔԿՀ մուտքն արգելելը աշխատակցի ներկայացված պատճառաբանությամբ առ այն, որ «ՔԿՀ-ների ռեժիմային գոտի մտնելու համար դիտորդները պետք է անցնեին ընտրական տեղամասով, իսկ ընտրատեղամասը գտնվում է հավաքակայանում, ռեժիմային գոտի տանող ճանապարհն անցնում է ընտրական տեղամասի միջով, ուստի ռեժիմային գոտի չեն կարող մտնել»,  հանգեցրել է նրան, որ խմբի անդամները հնարավորություն չեն ունեցել իրականացնելու հրամանով իրենց վերապահված գործառույթները, հետևաբար վարչական մարմնի գործողություններն եղել են ոչ իրավաչափ։