Վերաքննիչ վարչական դատարանը վերահաստատել է Ոստիկանության կողմից Հայցվորի իրավունքների խախտումը

2021թ․ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել 2016 թ. հուլիսի 17-ին Լ․ Բարսեղյանի ազատ տեղաշարժվելու, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/ նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման ձևով դրսևորված ՀՀ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանության կողմից բերված վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու վերաբերյալ։

Վերաքննիչ վարչական դատարանը որոշմամբ վերահաստատել է, որ տվյալ դեպքում Լ․ Բարսեղյանին բերման ենթարկելով, այնուհետև նրա նկատմամբ վարչական վարույթ իրականացնելով պատասխանող կողմը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ: Հայցվորն ըստ էության զրկվել է նույն օրը նախատեսված ակցիային մասնակցելու և ամբողջ ծավալով մտադրված գործողություններն իրականացնելու հնարավորությունից: Հետևապես Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները հանգեցրել են հայցվորի` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտմանը:

Ոստիկանության գործողությունները.

2016 թ. հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին Լ. Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից՝ մեքենայի մեջ ապօրինի զենք, զինամթերք կրելու և պահելու կամ օժանդակելու դրանց պահելու կասկածանքով: Վերջինս իր մեքենայով բերման է ենթարկվել Ոստիկանության Կումայրի բաժին, նույն օրը, ժամը 10:29-ից մինչև  14:10-ն սահմանափակվել է Լ. Բարսեղյանի ազատ տեղաշարժի իրավունքը, որի ընթացքում նրան չի տրամադրվել իրավական օգնություն և իր իրավունքներից օգտվելու հնարավորություն:

Վարչական դատարանի կողմից վճռով հաստատված իրավունքների խախտումները.

2018թ. փետրվարի 15-ին Լ. Բարսեղյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, 2016թ. հուլիսի 17-ին կատարված ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքով:

Դատարանը վճռով հաստատել է Լ․ Բարսեղյանին ազատ տեղաշարժվելու, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության) նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտումները։

Մասնավորապես Դատարանը հաստատված է համարել, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 10:29-ից մինչև ժամը 14:10-ը սույն գործով հայցվոր Լևոն Բարսեղյանը զրկված է եղել ազատությունից, այնուամենայնիվ, նրան իրավական օգնություն չի տրամադրվել և իր իրավունքներից օգտվելու հնարավորություն չի ընձեռնվել: Ոստիկանների գործողությունները սահմանված չեն եղել օրենքով, հետևաբար դրանք ոչ իրավաչափ են:

Վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված որոշումը.

ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարանի կողմից կայացված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նշելով, որ Վարչական դատարանը, ընդունելով Հայցը և կատարելով գործի քննություն, թույլ է տվել առարկայական ընդդատության կամ ենթակայության կանոնների խախտում և որ կողմերի միջև իրականում Լ․ Բարսեղյանի ազատությունը սահմանափակելու և դրան հաջորդած  բոլոր գործողությունների կապակցությամբ առաջացել են բացառապես քրեադատավարական հարաբերություններ։

Վերաքննիչ դատարանը որոշմամբ ընդգծել է, որ կոնկրետ դեպքում ընդհանրապես բացակայել է Լ․ Բասեղյանին ոստիկանության համապատասխան բաժին տանելու իրավական հնարավորությունը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ անձը ոստիկանական բաժանմունքում կարող էր պահվել մեկ ժամից ոչ ավելի: Մինչդեռ, գործի քննությամբ հաստատվել է, որ տվյալ դեպքում հայցվորը ոստիկանական բաժանմունքում պահվել է մեկ ժամից ավել` չորս ժամը չգերազանցող ժամանակահատվածով, որպիսի ինստիտուտը կարող է գործադրվել անձին վարչական ձերբակալման ենթարկելիս: Սա նշանակում է, որ Լ․ Բարսեղյանը տվյալ դեպքում մեկ ժամը գերազանցող ժամանակահատվածում պահվել է ոստիկանական բաժանմունքում անօրինական հիմքով, ինչն էլ հիմք է եզրակացնելու, որ նման պայմաններում ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն: Ուստի այս մասով վերաքննիչ բողոքը մերժել է՝ վարչական դատարանի 2020 թվականի փետրվարի 17-ի վճիռը թողնելով անփոփոխ։

Այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է Վարչական դատարանի վճիռը և փոփոխել այն, և նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից հայցվորի զերծ մնալու իրավունքների խախտման ձևով արտահայտված ոստիկանների գործողությունները  ոչ իրավաչափ ճանաչելու մասով լ․ Բարսեղյանի հայցապահանջը մերժել։