ԻՊԱՍԸ վարչական դատարանում վիճարկում է ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման հատկացումը ՌԴ անվտանգային դաշնային ծառայությանը

2021թվականի հունիսի 7-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից բողոք է ներկայացվել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կառավարության՝ վերջինիս 27.05.2021 թվականի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» թիվ 876-Ա որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ և 3-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վարչական դատարանի 16 հունիսի 2021 թվականի որոշմամբ Կազմակերպության հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել է:

Հիշեցնենք, որ Կառավարության վերոնշյալ որոշմամբ Հայաստանի Հանրապետության Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը ՀՀ սեփականությունը հանդիսացող այլ հողամասերի հետ միասին պաշտպանական նպատակներով անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Կազմակերպությունը գտել է, որ Կառավարության որոշումը անհիմն է և ենթակա վերացման մի քանի պատճառներով:

Նախ, ներպետական օրենսդրության ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ Կառավարությունը և Վարչապետը ՀՀ տարածքների նման փոփոխություն իրականացնելու իրավասություն չունեն։ Ավելին, որոշմամբ նշված տարածքները փաստացի օտարերկրյա պետության օգտագործմանը հանձնելով՝ խախտվել է տեղի համայնքների բնակիչների իրավունքների ամբողջական իրականացումը։ Նման որոշմամբ փաստացի ՀՀ տարածքը ենթարկվում է օտարերկրյա իրավազորության, քանզի ՀՀ քաղաքացիները զրկվում են այդ տարածքների նկատմամբ իրավունքներից և այն չնայած միայն օգտագործման իրավունքով, սակայն տրվում է օտարերկրյա զինված ուժերին, ընդ որում՝ անժամկետ։

Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից նման հայցադիմում ներկայացնելուն, ապա որպես հիմնավորում ներկայացվել է այն, որ Որոշմամբ բարձրացված հարցերն ու ՀՀ ինքնիշխան պետության ֆիզիկական տարածքների հարցը հանդիսանում են հանրային կարևորության հարց, որոշմամբ կարգավորվում է զգայուն թեմա, որը բխում է ոչ միայն տվյալ համայնքի, այլ նաև ՀՀ ողջ ազգաբնակչության շահերից, հետևաբար նաև առնչվում է կազմակերպության կանոնադրական նպատակների հետ։ Հայցադիմումի ներկայացումն ու դատարանում քննարկման առարկա դարձնելը կարևոր է նաև ՀՀ-ում պետական կառավարման համակարգում որոշումների կայացման գործընթացի հաշվետվողականություն ձևավորելու անհրաժեշտության տեսանկյունից։

Բացի այդ, Դիմողը, հանդիսանալով հասարակական կազմակերպություն, ունի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների օրենսդրության կատարելագործման և ամրապնդման, հանրային իրազեկման ու հանրային շահի պաշտպանության առաքելություն։

Չնայած ներկայացված հիմնավորումներին՝ Վարչական դատարանը գտել է, որ Կազմակերպությունը Կառավարության Որոշումն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք չունի: Ավելին, Որոշումը հանդիսանում է անհատական իրավական ակտ, հետևաբար չի կարող վիճարկվել ՀՀ վարչական դատարանում:

Կարևորելով հարցի լրջությունն ու հանրային կարևորությունը՝ Կազմակերպությունը Վարչական դատարանի հայցը վարույթ ընդունելը մերժելու որոշման դեմ կներկայացնի վերաքննիչ բողոք՝ նպատակ ունենալով ընդլայնել հանրային կարևորության հարցերով պետական կառավարման մարմինների որոշումները դատական վիճարկման առարկա դարձնելու պրակտիկան և խթանել վերջիններիս կողմից հաշվետվողականության ու օրինականության սկզբունքների ապահովումը: