Discussion on the Topic “Visible Efforts, Invisible Outcomes: What will the Specialized Judges Change?”

Իրավաբան Հասմիկ Հարությունյանը հոդված է գրել վերջին զարգացումների համատեքստում ԲԴԽ դերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարձրագուն դատական խորհուրդը, որպես դատական իշխանության ինքնակառավարման մարմին, ստեղծվել է կարևորագույն մի նպատակով՝ դատարանների ու դատավորների անկախության ապահովում։ Արձանագրենք, որ սահմանադրական նման մարմին Հայաստանում ձևավորվեց միայն 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո, մինչ այդ, որպես այդպիսին գործող մարմին ՀՀ-ում չի եղել։ Առաջին Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորման ինքնակառավարման մարմիններ նախատեսված չեն եղել: Ըստ Սահմանադրության՝ դատարանների անկախության երաշխավորը դիտարկվում էր հանրապետության նախագահը: Սահմանադրությամբ թեև նախատեսվում էր Արդարադատության խորհրդի գործունեությունը, սակայն, դատական իշխանության անկախության երաշխավոր այն չէր հանդիսանում։

Ի՞նչ կարգավիճակ ու լիազորություններ տրվեց ԲԴԽ-ին 2015թվականի Սահմանադրությամբ և 2018 թվականին ընդունված Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքով։

Պետք է նշել, որ ԲԴԽ-ն օժտված է դատավորների անկախության ապահովման համար կարևորագույն լիազորություններով, որոնք պրակտիկ կիրառման մեջ ունակ են ինչպես ծառայել այդ նպատակին, այնպես էլ խոչընդոտներ ու ռիսկեր ստեղծել։
ԲԴԽ-ն, ի թիվս այլնի, պատասխանատու է դատավորների նշանակման ու առաջխաղացման, գործուղումների ու լիազորությունների դադարեցման համար, լուծում է դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը, պատասխանատու է ֆինանսաբյուջետային հարցերի համար և այլն։ ԲԴԽ տրված լիազորությունների մեջ առանձնակի ուզում եմ կարևորել նաև վերջինիսի դերը դատարանի ու դատավորի անկախությանը վտանգող հարցերում և ձեռնարկվող միջոցների հարցում, ինչի կապակցությամբ եւս ԲԴԽ-ն օժտված է լիազորություններով։
Ինչքանո՞վ է ԲԴԽ ձևավորումից հետո վերջինիս գործունեությունը ծառայել սահմանադրական նպատակներին և ինչպես են իրացվել վերոնշյալ լիազորությունները․
Այս հարցին պատասխանելու համար նախ հայացք նետենք ԲԴԽ ձևավորման ընթացակարգին ու կազմին։ Գործող օրենսդրական կարգավորումները այնպիսին են, որ թույլ են տալիս ԲԴԽ 10 անդամից 5 ոչ դատավոր անդամի նշանակումը ԱԺ կողմից որակել քաղաքականացված գործընթաց, քանի որ, ըստ էության, Ազգային ժողովում մեծամասնություն հանդիսացող ուժը կարող է իր բերած թեկնածուին ընտրել որպես ԲԴԽ ոչ դատավոր անդամ։ Ավելին, թեկնածուների ընտրության հիմքում թափանցիկության, կարողությունների ու հմտությունների գնահատման օբյեկտիվ չափանիշներ չկան, և դա այն դեպքում, երբ խոսքը գնում է իրավաբան-գիտնականների մասին, և կա ակնկալիք, որ վերջիններս առավելագույն հարգանք ու հեղինակություն վայելող մասնագետներ պետք է լինեն։

2018 թվականի ձևավորումից հետո ԲԴԽ կազմը պարբերաբար ենթարկվել և ենթարկվում է փոփոխությունների՝ չունենալով գործունեության հստակ որդեգրած ու կայուն ուղղություն։ Ավելին, հանրության և հատկապես իրավաբանական համայնքի համար օբյեկտիվ չափանիշների տեսանկյունից շարունակում է անհասկանալի մնալ ոչ դատավոր անդամների թեկնածուների հաստատման գործընթացը։
Նման պայմաններում, հաշվի առնելով նաև վերջին ամենաթարմ զարգացումներն ու կազմի համալրումը, կարող ենք արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի եռամյա գործունեությունը դեռևս բավարար չէ վերջինիսի սահմանադրական կարգավիճակից բխող նպատակի՝ դատավորների անկախության ապահովման համար։
Առանց խորամուխ լինելու այս կամ այն անդամի մասնագիտական կարողությունների գնահատման մեջ, պատասխան տանք մի պարզ հարցի՝ ինչպե՞՞ս կարող է տասնամյակով մեղադրական մտածողությամբ աշխատած և հանրության մեջ քրեական արդարադատության ոլորտում անպատժելիության հետ ասոցացվող անդամը ներգրավվել ու ղեկավարել մի մարմին, որի առաջնային նպատակը դատարանների անկախության ապահովումն է․․․»,- ասված է հոդվածում։