Discussion on ”Supreme Judicial Bodies In the Constitutional Reforms Concept”

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության խնդրին «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցն ավելի ճիշտ կլիներ նախ դրվեր հանրային քննարկման, հետո նոր հանձնաժողովում իրականացվեր այդ հարցի շուրջ քվեարկություն:

Արաքս Մելքոնյանը նշեց, թե դեռևս չունի կողմ կամ դեմ կարծիք Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ, այդուհանդերձ, ըստ նրա, հասարակության մեջ սա ավելի շատ կարող է ընկալվել՝ որպես ՍԴ-ն «լուծարելու» հարց: Բարեփոխումների օրակարգում էլ, ըստ նրա, ընդգրկված են ավելի շատ ՍԴ-ին ուղղված խնդիրներ, քան ընդհանուր հայեցակարգային խնդիրներ:

«ՍԴ որոշումների չկատարումը ոչ այնքան և ոչ միայն ՍԴ-ի խնդիրն է, որքան համակարգային, պետական մարմինների միջև համագործակցության, իրավական մշակույթի, թերևս, հնարավոր է նաև՝ շատ զուտ ընթացակարգային հարցերի խնդիրներ դրանք լինեն, որովհետև շատ դեպքերում ՍԴ-ն բավականին կարճ ժամկետ է նախատեսում, օրինակ, օրենսդրական փոփոխության համար, և հնարավոր է, որ օբյեկտիվորեն նման կարճ ժամկետներում հնարավոր չլինի օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Եվ դա դառնում է, որ ՍԴ որոշումները պատշաճ ժամկետներում չեն կատարվում: Սա ինքնին համակարգային խնդիր է, այլ ոչ թե՝ սահմանադրական արդարադատության»,- ասաց Արաքս Մելքոնյանը:

Խոսելով դատարանների կողմից ՍԴ որոշումների չկատարման մասին քննարկման ժամանակ հնչած տեսակետից՝ Արաքս Մելքոնյանը նշեց, թե այս հարցը ևս սահմանադրական արդարադատության ու ՍԴ-ի խնդիրը չէ, այլ, ըստ նրա, առանձին դատավորների իմացության:

«Եթե չեն կիրառում իրենց որոշումներում համապատասխան որոշումները ՍԴ-ի, ուրեմն կա՛մ տեղյակ չեն, որովհետև չեմ կարծում, որ միտումնավոր չկիրառեն, տեղեկացված չեն: Դա նաև կարող է՝ դատավորների վերապատրաստումների հարց է, և իրենք չեն վերապատրաստվում համապատասխան իրավունքի զարգացումների վերաբերյալ»,- նշեց Մելքոնյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահն անդրադարձավ նաև ներկայացվող այն հիմնավորմանը, թե Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորմամբ Գերագույն դատարան ունենալու դեպքում արդարադատության ժամկետների և անձի իրավունքների սահմանադրականության հարցը կարագացվի։ Ըստ նրա, դա սահմանադրական արդարադատության պրոբլեմ չէ, և ողջամիտ ժամկետների պահպանման խնդիր կա ընդհանուր դատական համակարգում:

Արաքս Մելքոնյանի դիտարկմամբ՝ համոզիչ չեն ընդհանուր իրավասության դատարաններին սահմանադրականության վերաբերյալ որոշումներ կայացնելու ունակությամբ օժտելու հիմնավորումները: Նրա խոսքով՝ ներկայում էլ դատարանները իրավունք ունեն սահմանադրականության հարցով ուղիղ դիմելու ՍԴ, ինչով էլ շատ դեպքերում կրճատվում է հենց սահմանադրականության հարցի որոշման ժամկետները՝ մանավանդ այն դեպքում, երբ առաջարկվող փոփոխությամբ այդ դատարանների որոշումները վերջնական չեն և պետք է հաստատվեն կամ բեկանվեն Գերագույն դատարանի կողմից:

«Մի հիմնավորում է ներկայացվում հանձնաժողովի կողմ անդամների կողմից, որ սահմանադրական արդարադատությունը համարվում է, այսպես ասած, էլիտար, և դա ընդհանուր իրավասության դատարանների արժանապատվության հարց է նաև: Ես համակարծիք չեմ դրա հետ: Եվ կարծում եմ՝ սա նաև ուղղակիորեն հակասում է հիմա ՀՀ-ի որդեգրած այդ մասնագիտացված դատարանների հայեցակարգին, որովհետև ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան, օրինակ, որը, ա՛յ, էլիտարիզմի դասական օրինակ է, որովհետև հիմնավորումները, եթե դուք կարդաք հակակոռուպցիոն դատարանի ստեղծման՝ ավելի մասնագիտացված դատարաններ, դատավորներ են լինելու, բարդ գործերի քննություն:

Եվ սա ավելի է նսեմացնում, կարծում եմ՝ դա իմ կարծիքն է, ընդհանուր իրավասության մյուս դատավորների արժանապատվությունը, որովհետև այլ դատավորների կողմից հանցագործությունների քննությունը, ըստ էության, նսեմացվում է: Որովհետև շատ ծանր հանցագործություններ կարող են քննվել այդ մարդկանց կողմից, և որևէ հիմնավորում չկա, որ իրենց մասնագիտական կարողությունները շատ ավելի թույլ պետք է լինեն, քան հակակոռուպցիոն դատարանինը: Եվ էլիտարիզմի մի գաղափար է նաև այն, որ, օրինակ, հակակոռուպցիոն դատարանի դատավորները ստանալու են աստղաբաշխական աշխատավարձեր մյուս դատավորների համեմատ, շատ ավելի բարձր է լինելու: Սա այ էլիտարիզմի և արժանապատվության հարցը այստեղ է, այլ ոչ իրավասության, իրավունքի և սահմանադրականության մեկնաբանության:

Առավել ևս խնդրահարույց է, և արժանապատվությանը դատավորների ավելի մեծ վնաս կպատճառի այն, որ դատարանը որոշի, որ որևէ նորմատիվ ակտ հակասում է Սահմանադրությանը, և Գերագույն դատարանը դա վերացնի, որպես այդպիսին, ասի, որ դատարանը սխալվել է: Եվ սա, կարծում եմ՝ ավելի վտանգավոր կարող է լինել հենց դատավորների համար, և կարող են նրանք խուսափել նման որոշումներ կայացնելուց»,- ասաց Արաքս Մելքոնյանը:

Մելքոնյանի գնահատմամբ՝ գլոբալ առումով Վճռաբեկ դատարանի խնդիրները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց, շատ ավելի խնդրային են, քան Սահմանադրական դատարանինը, որովհետև, ըստ Մելքոնյանի, բազմաթիվ դեպքերում Վճռաբեկ դատարանի կողմից կան վարույթ չընդունված գործեր, որոնցով հետո կա՛մ Եվրոպական դատարանում կա համապատասխան վճիռ, կա՛մ ՍԴ-ն է հանդես եկել՝ որպես սխալների ուղղման միջոց:

Աղբյուրը՝ 168.am