The Activist Applied to the Special Investigation Service

18-ամյա Ռոբերտ Ֆ.-ն պնդում է, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով խախտվել են իր իրավունքները։

«Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտը մեկն է այն ակտիվիստներից, ում ոստիկանները բերման են ենթարկել, երբ մասնակցել է Ամուլսարի համար ակցիաներին։

«Ա1+»-ի հետ զրույցում Ռոբերտը պատմում է, որ իր իրավունքները խախտվել են ոչ միայն բերման ենթարկվելիս, այլ նաև բաժանմունքում: Օգոստոսի 6-ին՝ երեկոյան ժամը 17-ին նա և իր ընկերները Կառավարության շենքի դիմաց, սոցիալական հեռավորությունը պահպանելով, ակցիա էին կազմակերպել:

Տասնհինգ-քսան րոպե չանցած նրան և ընկերներից մեկին բերման են ենթարկել՝ պարզաբանելով, որ նրանք խախտում են հակահամաճարակային անվտանգության կանոնները: Ասում է, որ բերման են ենթարկել քաշքշելով: Երբ հարցրել է, թե որ բաժին են իրեն տանում, շատ կոպիտ ձևով պատասխանել են. «Վեր ընկի տեղդ, ուր որ պետք է, կտանենք»:

Վերջիվերջո, պարզել է, որ իրեն տանում են Նոր Նորքի ոստիկանության բաժին: Ասում է՝ և բերման ենթարկած , և՛ բաժանմունքի ոստիկանները չեն ներկայացել, ինչքան էլ որ նա պահանջել է:

18-ամյա ակտիվիստը վրդովված պատմում է, թե ինչ է կատարվել բաժանմունքում. «Կիրառել են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական բռնություն: Հարվածել են, քաշքշել: Չնայած ասում էի, որ լավ չեմ զգում, ինձ ստիպում էին կանգնել ու չնստել: Երբ հրաժարվում էի, քաշում էին թևիցս, ստիպում կանգնել: Մոտավորապես հինգ րոպե կանգնած եմ մնացել»: Ասում է՝ ծաղրել են նաև նրա արտաքին տեսքը, շարժուձևը, նստած դիրքը:

Ռոբերտը նշում է, որ այդ ամբողջ ընթացքում ոստիկաններից մեկը, ով արձանագրություն էր գրում, իջեցրած դիմակով է եղել: «Ինձ բերման են ենթարկում «հակահամաճարակային կանոնները խախտելու» համար, բայց իրենք են առանց դիմակ նստում սենյակում», – ասում է ակտիվիստը: Նա հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության ինչ-որ հարցերի պատասխանել կամ բացատրություն գրել:

Ըստ Ռոբերտի՝ իր պահանջին ոստիկաններից մեկը բավականին խիստ է արձագանքել, պահանջել է իր հետ խոսելիս ոտքի կանգնել:

«Նրան չէր հուզում այն, որ ես ինձ վատ էի զգում: Մոտեցավ, սկսեց քաշքշել, կոպիտ խոսել հետս, վերջում էլ բավականին ուժեղ հարվածեց ոտքերիս: Ես իմ իրավունքները լավ գիտեի, ասում էի նրան, որ չի կարող ինձ հարվածել և վիրավորել: Դրան ի պատասխան նա միայն ավելի կոպիտ ձևով էր խոսում, քաշքշում, ասում, որ դա իրենց տարածքն է, և ես պետք է շարժվեմ իրենց ասածով», – պատմում է երիտասարդը:

Նա կրկնել է, որ վատ է զգում ու չի կարող կանգնել․ եւ ոստիկանից ստացել պատասխան, թե «կանգնի, կուշաթափվես, կընկնես, կթփրտաս, շտապօգնություն կկանչենք, կտանեն քեզ»:

Իր բողոքներից հետո միայն, որ այդպիսի վերաբերմունքն ուղղակի անընդունելի ու անօրինական է, կին ոստիկաններից մեկը միջամտել է, որ նրա հետ այդպես չվարվեն։ Նրա՝ բաժանմունքում գտնվելու ժամանակ այդտեղ է ժամանել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբաններից Անահիտ Մկրտչյանը։

Փաստաբանը նշեց, որ աշխատակիցները թույլ չեն տվել հանդիպել Ռոբերտին՝ պնդելով, որ վերջինս նման ցանկություն չի հայտնել։ Մինչդեռ, նման խնդիր չի առաջացել նույն օրը այդ բաժնում գտնվողներին հանդիպելիս։ Ռոբերտին էլ չեն տեղեկացրել փաստաբանի ներկայանալու մասին:

Անահիտ Մկրտչյանը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին։ Օգոստոսի 31-ին նրանք բացատրություն կտան ՀՔԾ-ում։ Նա նշում է, որ, խոչընդոտելով իր հանդիպումը Ռոբերտի հետ, ոստիկանները կոպտորեն խախտել են քաղաքացու պաշտպանության իրավունքը։

«Ոստիկանական այդ գործողություններն առնվազն ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակով պետք է որակվեն որպես լիազորությունների չարաշահում կամ անցում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում», – պարզաբանում է փաստաբանը:

Ինչ վերաբերվում է այսպիսի դեպքերի տարածվածությանը Հայաստանում, Մկրտչյանը նշում է, որ վիճակագրության իրական պատկերը ստանալը փոքր ինչ բարդ է՝ հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմինների կողմից նմանատիպ գործերին պատշաճ որակում և ընթացք չտալու հանգամանքը։

Սակայն, ինչպես ինքն է նշում, դրանց թիվը քիչ չէ։

Աղբյուրը՝ a1plus.am