Vision and agenda for police reform in post-revolutionary Armenia

2019թ. հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում, որի ընթացքում իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը :

Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշել է, որ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների բարեփոխումների կոնցեպտը առանցքային է ոչ միայն քաղաքականության կամ ծրագրերի բարեփոխումների մակարդակում, այլ  նաև պրակտիկ գործունեության տեսնակյունից ինչպիսին հանդիսացել են 2015թ. 2016թ., 2018թ.-ին արձանագրված մարդու իրավունքների խախտումների խնդրահարույց դեպքերը ինչպես նաև առանձին դեպքեր:

«Ես ևս միանում եմ դրական տրամադրվածությանը այն առումով, որ ոստիկանության բարեփոխումների ծրագիր ունենալը հետհեղափոխական հասարակության կոնտքեստում իսկապես առանցքային է, որպեսզի ինստուտիցիոնալ առումով ամրապնդվի բարեփոխումների տեսլականը, և իսկապես մարդու իրավունքների պաշտպանությունից բխող գործողությունները դառնան վարքագծի միակ դրսևորումը»-ասել է Հայկուհի Հարությունյանը:

Հ. Հարությունյանի համոզմամբ փաստաթղթում՝ մարդու իրավունքների վերաբերյալ բաժնում նշված գործողությունները ընդհանրական են, կոնկրետ չափելի և իրական արդյունքների տեսանելիությունը այդ գործողությունների առումով թույլ է ներկայացված, իսկ միջազգային ստանդարտները, կարծես թե սահմանափակ ձևով են արտահայտված:

«Կցանկանայի տեսնել իրավունքահեն մոտեցումներ ոստիկանության կողմից ներկայացված ռազմավարությունում, այսինքն՝ «ժողովրդավար ոստիկանություն» ասվածը յուրաքանչյուր գործողության մեջ արտահայտված լիներ, և դա ձևավորեր անձի իրավունքի պաշտպանության մշակույթ ոստիկանության ծառայողների կողմից, որտեղ յուրաքանչյուր ոստիկան կհասկանար, որ անձի իրավունքը գերակա է նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակներում»-ընդգծել է Հ. Հարությունյանը:

Անդրադառնալով ընդհանուր կառուցվածքային փոփոխություններին՝ Հ. Հարությունյանը նկատել է, որ շեշտվում է ոստիկանության անկախությունը և ապաքաղաքականացումը՝ որպես մնացած գործողությունների արդյունավետ իրականացման երաշխիք, սակայն կրկին առաջարկվում է կառավարման այն մոդելը, որը իշխանությունը կամ լիազորությունները գերկենտրոնացած են մեկ անձի շուրջ: Ցանկալի կլիներ ևս մեկ անգամ քննարկել այս մոդելը ժողովրդավարական կամ քաղաքացիական վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմներ ներդնելու առումով:

Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց իրավունքներին՝ Հ. Հարությունյանը առանձնացրել է մի քանի համակարգային խնդիր.

  • Նախ՝ պետ է շեշտադրել անձի անձնական անձեռնամխելիության և ազատության իրավունքի կարևորությունը: Այպես կոչված բերման ենթարկելու գործողությունը որպես անձի ազատության սահմանափակում եղել է ամենաշատ տարածված և չարաշահված միջոցը թե՛ վարչական վարույթի շրջանակներում, և թե՛ քրեական դատավարության համատեքստում: Այս գործողությունները կամ դրանց մեծ մասը հիմնականում իրականացվել են կոպիտ խախտումներով:
  • Մտահոգիչ է նաև հիմքերի նախատեսումը, որոնցով ոստիկանությունը հնարավորություն է ունենալու անձին ծանուցագրով հրավիրելու ոստիկանության բաժին, եթե ունենա բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ անձը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք անհրաժեշտ են ոստիկանությանը իր գործառույթները իրականացնելու համար: «Այս մոտեցումը սահմանափակելու փոխարեն կարծես թե ունենում ենք ոստիկանության համար նոր հնարավորություն՝ իր սեփական ենթադրության հիմքով անձին ոստիկանության բաժին հրավիրելու»:
  • Հ. Հարությունյանի դիտարկմամբ՝ առավելագույն ուշադրություն պետք է դարձնել ծառայողական քննության գործընթացին, և ամբողջությամբ անհրաժեշտ է վերանայել ծառայողական քննության համակարգը: Գործող պրակտիկայի համաձայն՝ ոստիկանության այն բաժինը, որտեղ տեղի են ունենում ենթադրյալ անօրինական գործողություններ անձի նկատմամբ՝ ստանում է նույն ոստիկանության բաժնի աշխատակիցների դեմ ծառայողական քննություն իրականացնելու նյութեր:

Նույնիսկ հեղափոխությունից հետո տեղի ունեցած դեպքերով փաստացի ստացվում է, որ անկախության և արդյունավետ քննության որևէ երաշխիք ո՛չ իրավական, և ո՛չ պրակտիկ մասով առկա է:

Ինչ վերաբերում է անձի իրավունքների պաշտպանությանը, Հ. Հարությունյանը կարևոր է համարում նշել, որ հատուկ միջոցների կիրառման ձևը, հիմքերը չեն համապատասխանում տարբեր միջազգային ստանդարտներին և նույնիսկ տարբեր ենթաօրենսդրական ակտերի միջև առկա են հակասություններ:

Նրա պնդմամբ, շատ ժամանակ այդ հակասություններն են հնարավորություն տվել ոստիկանությանը ունենալ օգտակար հիմքեր և ներկայացնել խուսափողական բացատրություն, թե ինչու է նպատակային առումով ճիշտ եղել հատուկ միջոցների օգտագործումը:

Հ. Հարությունյանը տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո, հաշվի առնելով քաղաքական փոփոխությունները, ակնկալվել է, որ մարդու իրավունքների խախտումների առավել ցայտուն դեպքերով ոստիկանությունը կընդունի կատարված գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը և ներողություն կխնդրի հանրությունից: Դա կլիներ այն կամքի ընդգծումը, որ իսկապես ոստիկանությունը ունի վարքագծի փոփոխության բարի կամք և այդ կամքի շուրջ ձևավորվելու է հասարակական վստահություն: Ցավոք, մեր սպասումները չարդարացան:

«Հուսամ, որ այս փաստաթղթում նշված գործողությունները ոչ միայն փաստաթղթի վրա են մնալու, այլ իսկապես վարքագծի փոփոխություն և նոր մշակույթի ներդրում է լինելու, որի համար ես իսկապես պատրաստ եմ իմ աջակցությունը ցուցաբերելու և մասնագիտական ներդրումը ունենալու»-ավելացրել է Հ. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ քննարկումը կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություններ միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից՝ նպատակ ունենալով հանրությանը իրազեկել կարևոր բարեփոխումների մասին և հասարակության առաջարկները փոխանցել քաղաքականություն մշակող պետական կառույցներին։